Ձեր հաղթանակները ոգևորիչ են. ԿԳՄՍ նախարարը՝ աշխարհի մեդալակիր ծանրորդներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է մարզիկներին ու մարզիչներին, շնորհավորել գրանցած արդյունքների ու նվաճած մեդալների առթիվ:
«Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգևորության ևս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագա մրցելույթներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի անդամների ելույթներին և վստահություն հայտնել՝ նրանց օրինակը ոգևորող է լինելու մեր դպրոցահասակների համար. «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է խրախուսենք կանանց ու աղջիկներին ավելի շատ զբաղվել սպորտով, և ամեն անգամ, երբ մեր մարզուհիները նման հաջող ելույթներ են գրանցում, վստահ եմ՝ մեր երեխաների մոտ սպորտով զբաղվելու և առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ի դեմս ձեզ՝ իրենք ունենում են այն օրինակը, որին կարելի է հետևել: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ այսօր արդեն նշանակալի արդյունքներ եք գրանցում»:
Խոսելով աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Մովսիսյանի գրանցած արդյունքի մասին՝ Ժաննա Անդրեասյանն այն կարևորել է հատկապես սերնդափոխության տեսանկյունից. «Ծանրամարտում ունենք լավ ավանդույթներ, և ուրախ եմ, որ լավ արդյունքներ ենք գրանցում ոչ միայն մեծահասակների, այլև՝ երիտասարդական թիմերում: Սա նշանակում է՝ ունենք լավ սերունդ ու այդ ավանդույթները լավագույնս կկարողանանք շարունակել»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հավաքականի մարզիչներին, փաստել, որ գրանցած հաջողությունները երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք են:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել՝ երիտասարդ ծանրորդներն ապագայում ևս իրենց լավագույնս կդրսևորեն միջազգային մրցասպարեզում, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերում: ԿԳՄՍ նախարարի տեղակալն արժևորել է նաև հավաքականի մարզիչների վաստակն ու մեծ փորձը՝ հաջողությունների գրանցման ճանապարհին:
Աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար, խոսել մրցելույթներից ունեցած տպավորությունների և հույզերի մասին: Ալեքսանդրա Գրիգորյանը, որն ուսի վիրահատության ենթարկվելուց հետո երիտասարդական ԱԱ-ին նախապատրաստվելու համար երկու ամիս ժամանակ է ունեցել, փաստում է՝ նախևառաջ կարողացել է հաղթահարել ներքին վախերն ու վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին նաև հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 191 կգ արդյունքով:
18-ամյա Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 81 կգ քաշային կարգում՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ տղամարդկանց հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք:
Հայ ծանրորդները հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանում մասնակցելու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը մրցավայր է մեկնելու 34 ծանրորդով:
Կարծիքներ