Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան
Ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև՝ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու: Եվ մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին՝ Գյումրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ելույթը վերնագրել է «Վերջին 30 տարում առաջին անգամ»: Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանությունների կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում «պսպղացնել, փայլեցնել, ներկել», բայց մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել: «Մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել, այլ գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ: Մենք գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել: Մենք խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել»,- ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց իրենց կառավարության աշխատանքները՝ կառուցվել են ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները և այլն:
Փաշինյանը նաև շեշտեց՝ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ՝ իշխանությունը մարդու: «Մարդը ոչ թե պոտենցիալ սպառող է, պոտենցիալ ատկատներ գեներացնող, այլ մարդը սուբյեկտ է, որին ծառայել ենք, ծառայում ենք, ինչքան ուժ ու նվիրում ենք ունեցել»,- շեշտեց նա:
Կարծիքներ