Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ հաջող համագործակցություն է առկա՝ թե՛ ընթացիկ, թե՛ քննարկվող ծրագրերի առումով:
«Վստահ եմ՝ համագործակցության հնարավորությունները միայն ընդլայնվում են՝ հաշվի առնելով, որ անցած տարի հաստատվել է «Կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի իրագործումը նաև ՀԲ-ի հետ համագործակցությամբ է ապահովվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին՝ կրթական բոլոր բարեփոխումների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Նախարարի խոսքով՝ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությամբ է մշակվել և ներդրվել Հանրակրթության պետական չափորոշիչը. «Մեր բոլոր կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են ՀԲ աջակցությամբ, խորհրդատվությամբ և համատեղ աշխատանքով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:
Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդան բարձր է գնահատել Հայաստանի՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կամքը:
«Մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է մեզ համար: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռիտա Ալմեյդան՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում:
Նա բարձր է գնահատել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով մեր երկրում իրականացված կրթական բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանն այս առումով օրինակ կարող է ծառայել մի շարք երկրների համար. «Կրթության ոլորտի բարեփոխումների, հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ»:
Ռիտա Ալմեյդան տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2024 թվականին:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր՝ կապված ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունների հետ:
Կարծիքներ