Ֆլորիդայի ոչ մեծ քաղաքի բնակիչները հազիվ են փրկվել հաքերների կողմից թունավորումից
Հաքերներին հաջողվել է հեռակա կարգով վերահսկողության տակ առնել 15 000 բնակիչ ունեցող Օլդսմար ոչ մեծ քաղաքի ջրամատակարարման համակարգը (Ֆլորիդա, Պինելաս շրջան): Ինչպես հայտնում է Bloomberg-ը, չարագործները երեք-հինգ րոպեով ջրի մեջ բարձրացրել են հիմնայնության մակարդակը:
Մամուլի ասուլիսի ժամանակ շրջանի շերիֆ Բոբ Գուալտյերին ասել է, որ հարձակումը կասեցվել է նախքան հարձակվողները կարող էին լուրջ վնաս հասցնել՝ աշխատակիցը նկատել է, որ ինչ-որ մեկը համակարգիչ է մուտք գործել: Սակայն նատրիումի հիդրօքսիդի՝ կոյուղու մաքրման հիմնական բաղադրիչի պարունակությունը արդեն հասցրել են փոխել` միլիոնից 100 մասնիկից հասցնելով միլիոնից 11 100 մասնիկի:
Սրանք վտանգավոր չափաբաժիններ են, եւ բնակիչները կտուժեին, եթե քիմիական նյութերը հասնեին նրանց տները, սակայն դրա համար կպահանջվեր 24-36 ժամ: Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն Twitter-ում գրել է, որ ջրամատակարարման համակարգը թունավորելու փորձը պետք է դիտարկել որպես «ազգային անվտանգության խնդիր»:
Ջրամաքրման կայանի վրա նման կիբեռհարձակումների ռիսկերը, որոնք կարող են աղտոտել քաղաքի ջուրը, վաղուց արդեն մտահոգում են կիբեռանվտանգության մասնագետներին: Բանն այն է, որ ողջ Միացյալ Նահանգներում ջրատարների, ինչպես նաեւ ամբարտակների եւ նավթագազատարների օպերատորները արագորեն տեղափոխվում են թվային համակարգեր։ Դա թույլ է տալիս ինժեներներին եւ կապալառուներին հեռավոր աշխատանքային կայաններից վերահսկել տարբեր քիմիական նյութերի ջերմաստիճանը, ճնշումը եւ մակարդակները: Բայց փորձագետները նախազգուշացնում էին, որ հաքերները նույնպես կարող են հեռավար հասանելիություն ստանալ:
Նման կերպ անցյալ տարի համավարակի եւ ինքնամեկուսացման պայմաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված հաքերները Իսրայելի ջրամատակարարումը կոտրելու անհաջող փորձ էին կատարել, դրան հետեւել էր հայելային պատասխան: Ընդհանրապես, նման հարձակումները սկսվել են առնվազն 2007թ., երբ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հեռակա կարգով շարքից հանել էին շուրջ հազար ցենտրիֆուգներ ուրանի հարստացման համար Նետենզե (Իրան) միջուկային կայանում: Եւ վեց տարի անց իրանցի հաքերներին բռնել էին Նյու Յորքում՝ Մանհեթենից գրեթե 50 կիլոմետր հյուսիս, փոքր ամբարտակի մանիպուլացման ժամանակ, գրում է Naked-Science-ը:
Մասնագետները նշում են, որ ամենաշատը պետք է վախենալ հենց ոչ մեծ քաղաքային համակարգերի դեմ ոտնձգություններից, ինչպիսին է, օրինակ, Օլդսմարում ջրամատակարարման համակարգը: Խոշոր կոմունալ ծառայությունները սովորաբար ունենում են համալիր պաշտպանություն։
Օլդսմարի իշխանություններն արդեն որոշում են կայացրել անջատել նման ենթակառուցվածքների հեռավար հասանելիությունը: Ով է իրականացրել հարձակումը, դեռ պարզ չէ: Ավելին, հայտնի չէ` հաքերները արտասահմանում են եղել թե ԱՄՆ-ում: Միգուցե մեղավորները դեռահասներ են եղել, ովքեր պարզապես անելիք չեն ունեցել, կամ դժգոհ աշխատակիցներ կամ այլ պետություն: Այժմ կասկածյալների որոնումներով կզբաղվի ՀԴԲ-ն եւ Գաղտնի ծառայությունը:
Կարծիքներ