Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

Ամբողջական պատկերացում՝ մատյանների ստեղծման պատմության մասին. Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա

Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:

Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է տալիս նաև մասնակցելու ձեռագրերում առկա բաղադրատոմսերին և առաջարկություններին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործնական ընթացքին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մատենադարանում լաբորատորիաների բացումը դարձել է ավանդույթ, ինչն ուղղակիորեն նպաստում է կառույցի արագ զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը:

«Նման ծրագրերն ընդգծում են Հայաստանում գիտության կարևորությունը և խթանում են զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ձեռնարկատիրության զարգացմանը։ Լավ ավանդույթ է դարձել ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչի վկայությունն է «Կատապուլտ» ծրագիրը: Լիահույս ենք, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, քանի որ անելիքները շատ են»,-ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար:

Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական մշակութային ժառանգության պահպանումը՝ որպես համաշխարհային ժառանգության մաս: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ներգրավելու փորձագետների, որոնք կոգեշնչվեն հայկական մշակույթով և կաջակցեն, որպեսզի նորարար եղանակներով գալիք սերնդին փոխանցվի հարուստ ժառանգությունը։ ԵՄ-ն հետայսու ևս կստեղծի նոր հնարավորություններ, որոնք միտված կլինեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նրա քաղաքացիների բարօրությանը։

Ներկայացնելով լաբորատորիան՝ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանն ընդգծել է, որ առաջին անգամ լիարժեք կերպով այցելուների համար բացահայտվելու է մի ամբողջ մշակութային շերտ, այն է՝ ձեռագրերի ստեղծման պատմությունը, մատյանների կազմությունը և «ձեռագրի անատոմիան»։ Այցելուները, ըստ Խզմալյանի, հնարավորություն կունենան առնչվելու ձեռագրագիտության և բժշկագիտության՝ դարերով կուտակած փորձին, աշխարհի յուրատեսակ մի ընկալման, որտեղ մարդկային ոգու և մարմնի առողջությունն անջատ չէ արվեստից և տիեզերական իրողություններից։ Նա նաև նշել է՝ շուտով Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերի թիվը կհատի մեկ տասնյակը, և այդ շարքում իր առանձնահատուկ տեղն ունի հայ միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիան:

Ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Artbox-ի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում