Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ. նոյեմբերի 4-10-ը կանցկացնի Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներ՝ տարաբնույթ նախագծերով իրենց հաստատություններում նշանավորելու մեդիագրագիտության շաբաթը:

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի ընթացքում կրթության ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները մասնակցում են առցանց և առդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակում և իրականացնում են կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից և ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի աշնանը, և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրի վրա։

Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում