Համադպրոցական գիտության փառատոնը կնպաստի գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության բարձրացմանը

Համադպրոցական գիտության փառատոնը կնպաստի գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության բարձրացմանը

Դպրոցահասակ սովորողների շրջանում  գիտական հետազոտությունների նկատմամբ հետարքրքություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 25-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Համադպրոցական գիտության փառատոն 2023» միջոցառումը: 

«Նպատակ ունենք խթանել դպրոցականների շրջանակում մաթեմաբնագիտական, ճարտարագիտական առարկաներով հետաքրքրվածությունը: Բավականին հետաքրքիրն նախագծեր են ներկայացված գիտության տարբեր բնագավառերում, ինչը մոտիվացնում է նաև իրենց համադասարանցիներին, դպրոցահասակներին: Տեսնելով իրենց հասակակիցների գրանցած արդյունքները՝ հետաքրքրվածությունը գիտության այս ոլորտներով մեծանում է»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: 

Փոխնախարարը վստահ է՝ կան նախագծեր, որոնք զարգացնելու պարագայում կարող են տնտեսության համար հետաքրքիր լուծումներ դառնալ, ինչի շնորհիվ էլ  որոշ խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ կտրվեն: 

«Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներով՝ կենսաբանության, ֆիզիկայի, ճարտարապետության, մեր երիտասարդ սերնդի սովորողների, մասնավորապես դպրոցականների հետաքրքրվածության բարձրացումը շատ կարևոր է, որովհետև դա նրանց ուղղորդելու է դեպի համապատասխան մասնագիտություններով ուսումնառության»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ երեխաներից շատերը ապագայում դառնալու են գիտնականներ և կարող են առաջարկել հետաքրքիր, նորարարական լուծումներ, որոնք երկրի համար շատ կարևոր կլինեն:

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում կներկայացվի 80-ից ավելի հետազոտական նախագիծ Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից:    

«Նախորդ տարի ներկայացված էր մոտավորապես 40 նախագիծ, այս տարի պատկերը լրիվ այլ է, ինչն, իրոք, ողջունելի է: Երեխաներին պետք է փոքր տարիքից ծանոթացնել գիտությանը, խթանել, որ զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն: Գիտութույնը ստեղծագործական աշխատանք է, և կարևոր է, որ եղած գաղափարները իրականության դառնան: Սա կարևոր է ոչ միայն գիտական ոլորտի, այլև մեր երկրի զագացղման համար»,- ասաց ԵՊՀ գիտաշխատող, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հայկ Զաքարյանը: 

Փառատոնին մասնակցում էին միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկու հոգանոց խմբով․  գիտական ղեկավարի աջակցությամբ նրանք ներկայացնում էին 2022-2023 ուս. տարվա ընթացքում իրենց իսկ իրականացրած  հետազոտական նախագծերը: Նրանք իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրին ԿԳՄՍ նախարարին, նրա  տեղակալին, ԱԺ պատգամավորներին և հետաքրքրված մարդկանց:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած ծրագրերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական Regeneron  (ISEF-2023) տոնավաճառին, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

Միջոցառման վերջում մասնակցության հավաստագրեր հանձնվեցին փառատոնի բոլոր մասնակիցներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում