Գնել Սանոսյանը Կոտայքի մարզում ծանոթացել է հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներին

Գնել Սանոսյանը Կոտայքի մարզում ծանոթացել է հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետ Ահարոն Սահակյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Կոտայքի մարզում ծանոթացել է 2022 թ․ հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարը մասնավորապես, եղել է Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածում, որը սկիզբ է առնում Աբովյան քաղաքից և հասնում մինչև Նոր Հաճնի կամուրջ։ Շինարարությանն այստեղ կմեկարկի առաջիկա օրերին։

Կոտայքի մարզում 2022թ. նախատեսված է հիմնանորոգել նաև Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները։

Առաջինը՝ 10 կմ երկարությամբ (կմ0+000-կմ10+000), սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։ Այստեղ նույնպես շինաշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ Իսկ երկրորդ հատվածում՝ 10.8 կմ երկարությամբ (կմ25+200-կմ36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան, շինարարությունն արդեն սկսվել է։

Նշված ճանապարհները կառուցող ընկերության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ու «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրենին է ներկայացրել արդեն իսկ իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով առաջիկայում կմեկնարկի նաև Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի, Վանատուր և Հարավային թաղամասերի մոտ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի շարք փողոցների հիմնանորոգումը։ Նշված աշխատանքները նախարարին է ներկայացրել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:

Նախարարն այցելել է նաև Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս և բնակիչների հետ քննարկել ճանապարհի հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում