Անազատության մեջ պահվող անձանց հավաքականը մասնակցելու է շախմատի աշխարհի առաջնությանը

Անազատության մեջ պահվող անձանց հավաքականը մասնակցելու է շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սույն թվականի ապրիլի 27-ին անցկացվել է ներհիմնարկային շախմատի առաջնության եզրափակիչ փուլը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել է հիմնարկներում նախապես կազմակերպված շախմատային առաջնություններում լավագույն արդյունքները գրանցած 30 ազատազրկված անձ «Արմավիր», «Վարդաշեն», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներից։

Մրցաշարին ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և այլ ներկայացուցիչներ։

Շախմատային մրցաշարն անցկացրել է միջազգային կարգի մրցավար և միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը։

Գրագետ և թեժ մրցավազքից հետո հաղթողի պատվավոր կոչմանն արժանացած դատապարտյալներ Գորոյան Արմենը «Նուբարաշեն» ՔԿՀ, Թումասյան Վալերին, Պետրոսյան Արամը, Հովակիմյան Նարեկը, Զաքարյան Միքայելը և Աբաջյան Հակոբը «Արմավիր» ՔԿՀ:

Ընտրվել են շախմատի՝ անազատության մեջ պահվող անձանց Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ, որոնք 2022 թվականի հոկտեմբերի 13-ին մասնակցելու են աշխարհի 64 երկրների քրեակատարողական հիմնարկների միջև շախմատի միջազգային մրցաշարին։ Իսկ մինչ առաջնությունը, նրանց հետ աշխատելու են Շախմատի ակադեմիայի փորձառու մրցավարները։

2021 թվականից ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբի, սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի, ինչպես նաև Ս․ Լպուտյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել և իրականացվել են շախմատային դասընթացներ ոչ միայն ազատազրկված անձանց զբաղվածության արդյունավետության և շախմատային գիտելիքները զարգացնելու նպատակով, այլ նաև շախմատի միջազգային հարթակ դուրս գալու հեռանկարային ծրագրով պայմանավորված։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հաճախ կազմակերպվող շախմատային մրցաշարերի և Ակադեմիայի կողմից իրականացված դասընթացների շնորհիվ ուժեղագույն շախմատիստ դատապարտյալները դեռևս 2019 և 2021 թվականներին մասնակցել են տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն ձևաչափով անցկացվող շախմատի միջազգային առաջնություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում