Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, այն քաղաքական պաշտոն է. Վիգեն Խաչատրյան ՀԺ

Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, այն քաղաքական պաշտոն է. Վիգեն Խաչատրյան ՀԺ

Ինչպես արդեն հայտնել ենք, Արշակ Կարապետյանն այսօր ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և նրան փոխարինելու է ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ ԱԽ նիստում հայտարարել էր, որ այս պահին իրադրությունն իրեն հանգեցրել է որոշման, որ պետք է պաշտպանության նախարարը փոխվի։

Անվտանգության խորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Սուրեն Պապիկյանի նշանակմանը, շեշտեց՝ պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական:

«Պաշտպանության նախարարությունը քաղաքական պաշտոն է: Զինվորական արվեստին ծանոթ լինելու մասով, եթե նայենք, ապա դրա համար կա ԳՇ: Նման դեպքեր լինում են, երբ քաղաքական պաշտոնում նշանակվում է մարդ, որն այդ ոլորտում մասնագետ չէ, սակայն նախորդ աշխատանքում նա իրեն լավ է դրսևորել»,- նկատեց Խաչատարյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ-ն պատերազմական ժամանակաշրջան է ապրում, հարցին՝ արդյոք ճի՞շտ է մեզ համար այս բարդ շրջանում պաշտպանության նախարարներին հաճախակի փոխելը, պատգամավորն ասաց.

«Այո, կադրային հաճախակի փոփոխությունը ցանկալի երևույթ չէ, բայց, եթե իրադարձությունների թելադրանքը դրան է տանում, ապա ողբերգություն դրա մեջ պետք չէ փնտրել: Արտառոց բան ես չեմ տեսնում»: Այս մասին գրում է  «Հայկական ժամանակ»-ը:

Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Խաչատրյանը նշեց՝ սա մշակված քաղաքականություն է: «Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է շեշտել, նախ մեզ ամուր նյարդեր են պետք»:

Հարցին՝ բացի ամուր նյարդեր ունենալուց, ՀՀ-ն ի՞նչ գործողությունների պետք է դիմի՝ սադրիչ գործողությունները կանխելու համար, արդյոք համարժեք գործողություններին ՀՀ-ն է՞լ պետք է դիմի, պատգամավորը նշեց.

«Մեզ, նախևառաջ, պետք է ներքին կայունություն: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնք շատ արագ խուճապի են մատնվում, և կան մարդիկ, որոնք շահագրգռված են՝ ինչքան վատ, այդքան լավ. այդ մարդկանց շատ լավ գիտենք: Մենք և Ադրբեջանը տարբեր իրավիճակներում ենք գտնվում: Սիմետրիկ քայլերը մեր կողմից կլինեն անխոհեմություն: Առայժմ մենք ունենք խնդիր՝ ուժեղանալու և ամրապնդվելու: Այո, մենք ծանրագույն իրավիճակում ենք հայտնվել և խոհեմ քայլերով պետք է այս դրությունից դուրս գանք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում