Մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը. Միրզոյան
Այսօր մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը. կանանց, երեխաների, ծերերի, որոնք սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի՝ ԶԼՄ-ների համար նախատեսված հայտարարության ժամանակ:
«Այսօր 106-րդ տարելիցն է այդ իրադարձությունների, թեև մեկ տարով չի սահմանափակվել այդ ոճրագործությունը: Այսօր նաև 20-րդ տարեդարձն է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման: Այդ գործընթացը նախաձեռնեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ հենց օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդանշական է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված ագրեսիայից, պատերազմից հետո, պատերազմ, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների և հումանիտար ծանր հետևանքներ առաջ բերեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս այցը մենք գնահատում եմ որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը»,- հավելեց Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահը նաև հիշատակեց Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը, ընդգծեց՝ Ֆրանսիայի Սենատը առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որ ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձև՝ ներառելով շատ կարևոր և ազդեցիկ ուղերձներ: Սենատի այդ բանաձևին հաջորդեց Ֆրանսիայի ԱԺ ընդունած նմանատիպ բանաձևը:
«Նախ՝ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սենատի նախագահ Լարշեին բանաձևը Սենատի օրակարգում ներառելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանյերին, Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսեյին, Կոմունիստական խմբակցության նախագահ տիկին Էլիան Ասասին, Բնապահպաննների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:
Այս բանաձևի ընդունումը, անկասկած, կարևոր նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիք: Այն նաև սթափեցնող ուղերձ է՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին, որտեղից հակահայ, հայատյաց հայտարարությունները չեն դադարում հնչել առ այսօր:
Նախագահ Լարշեի և պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է Հայաստանի համար:
Ընդգծվեց, որ քաղաքացիական անձանց և ռազմագերիների պահպանումը և նրանց քաղաքական սակարկությունների համար պատանդի վերածումն անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերին»,- ասաց ԱԺ նախագահը:
Կարծիքներ