Հունաստանը կփակի բարերն ու ռեստորանները եւ պարետային ժամ կսահմանի՝ կորոնավիրուսի հետ կապված
Հունաստանը նոյեմբերի 3-ից գիշերային պարետային ժամ կսահմանի, կփակի ռեստորաններն ու բարերը երկրի ամենաբնակեցված շրջաններում՝ կապված COVID-19 վարակի դեպքերի ավելացման հետ, հայտնում է Reuters-ը:
Երկրում կորոնավիրուսային վարակի ավելի քիչ դեպքեր են հայտնաբերվել, քան եվրոպական երկրների մեծ մասում, բայց հոկտեմբերի սկզբից COVID-19-ի դեպքերի աստիճանական աճ է նկատվում:
Ռեստորանները, բարերը, սրճարանները, կինոթատրոնները, թանգարաններն ու մարզադահլիճները նոյեմբերի 3-ից մեկ ամիս փակ կլինեն երկրի հյուսիսում եւ Ատտիկայի շրջանում, որը ներառում է նաեւ երկրի մայրաքաղաք Աթենքը:
Բացի այդ, ամբողջ երկրում կներդրվի գիշերային պարետային ժամ, որը նախկինում գործում էր միայն առավելապես տուժած շրջաններում:
«Այս միջոցառումները կենտրոնացած են կորոնավիրուսի տարածմանը նպաստող երկու աղբյուրների վրա՝ զվարճանք եւ մարդկանց տեղաշարժ»,- ուղերձում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Նրա խոսքով՝ իշխանությունները աջակցության միջոցառումներ կտրամադրեն տուժած հատվածներին, որոնք շուրջ 1,5 միլիարդ եվրոյի վնասներ կկրեն:
Նախկինում Հունաստանը 14 միլիարդ եվրո էր տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերականգնելու համար:
Կարծիքներ