Քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-29-ը Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում, մասնակցել է «2024 FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը:
Միջոցառման շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «FIRST Global»-ի հիմնադիր Դին Կամենին, «XPRIZE»-ի հիմնադրամի հիմնադիր և նախագահ Փիթեր Դիամանդիսին, գործադիր տնօրեն Անուշե Անսարինին:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը, հնարավորությունները՝ ներառյալ լոգիստիկ, ֆինանսական պահանջները: Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հասկանալու մրցույթի հնարավոր անցկացման բոլոր նախապայմանները, ինչպես նաև իրականացման ճանապարհային քարտեզը՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։
Հաջորդիվ՝ Ռուբեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Կոնստանտինոս Կիրանակիսի հետ, որի ընթացքում Կիրանակիսը ներկայացրել է Հունաստանում «2024 FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթի անցկացման համար Կառավարության կողմից իրականացված քայլերը։ Կողմերը քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման, հունական ընկերությունների համար Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման, երկու պետություններում գործող ընկերությունների միջև համատեղ ձեռնարկատիրական ներուժի զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները:
Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների և Հունաստանի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոց ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:
Ռուբեն Սիմոնյանն այցելել է նաև Հունաստանում գործող «Ինտրաքոմ Տելեքոմ» ընկերություն՝ ծանոթացել ընկերության հիմնական գործառույթներին, քննարկել համագործակցության ուղիներն ու ձևաչափը։ Ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը ինժեներական լուծումների և R&D ոլորտներում:
Այցի շրջանակում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները, ոլորտային զարգացման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնելու ներուժն ու հեռանկարները։
Կարծիքներ