Իսրայելը հայտնել է Թել Ավիվում խոշոր ահաբեկչություն կանխելու մասին
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Շին Բեթ) ուժերը և ոստիկանության «Գիդոնիմ 33» հատուկ ստորաբաժանման մարտիկները խոշոր ահաբեկչություն են կանխել Թել Ավիվի Azrieli առևտրի կենտրոնում. ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հավաքագրված հինգ կասկածյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Կենտրոնական շրջանի ոստիկանությունը, «Գիդոնիմ 33» հատուկ ստորաբաժանման մարտիկները և Իսրայելի հատուկ ծառայությունները խոշոր ահաբեկչություն են կանխել Թել Ավիվի Azrieli առևտրի կենտրոնում, որը ծրագրել էին Թայբեի հինգ բնակիչներ, որոնք ԻՊ-ի հետ կապված ահաբեկչական բջիջ էին ստեղծել», - ասվում է հաղորդագրության մեջ։Թել Ավիվի Azrieli առևտրի կենտրոնը քաղաքի ամենահին կենտրոններից մեկն է, և ամեն օր այնտեղ են այցելում հազարավոր մարդիկ: Այն գտնվում է երեք աշտարակների հիմքում, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 150 մետր բարձրություն ունի:
Ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի հինգ քաղաքացիներ ահաբեկչություն էին պլանավորել պայթուցիկներով լցված ավտոմեքենայով. խմբավորման բոլոր մասնակիցները ձերբակալվել են, իսկ ոստիկաններն առգրավել են նրանց զենքերը։
Նշվում է, որ ձերբակալվածներից երկուսը հավատարիմ են եղել ԻՊ-ի գաղափարախոսությանը և պլանավորել էին ուղևորվել մարտական գործողությունների գոտի, ինչպես նաև կապ պահպանել ահաբեկիչների օտարերկրյա ներկայացուցիչների հետ։Հետաքննությունը պարզել է, որ խմբավորման մասնակիցները դիտել են Սիրիայում ահաբեկչական գործողությունների տեսագրությունները և քննարկել պայթուցիկների քանակը, որոնք անհրաժեշտ էին վերոնշյալ աշտարակները պայթեցնելու համար։
Գերատեսչության մամուլի ծառայությունում հավելել են, որ առաջիկա օրերին դատարանը ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրի անվտանգության հետ կապված լուրջ հանցագործությունների համար։
Կարծիքներ