«Սխալ է մտածելը, թե Էրդողանը թույլ է». Հունաստանի պաշտպանության նախկին նախարար
Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Եվանգելոս Ապոստոլակիսը գնահատել է Թուրքիայի դերը ներկայիս աշխարհաքաղաքականության մեջ՝ հայտարարելով, որ «սխալ է մտածելը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը թույլ է»: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունների որոշակի մակարդակը Թուրքիայի հետ և ձգտում է այդ երկրին քաշել դեպի Արևմուտք: Եվրոպան կոնֆլիկտի մեջ է Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սխալ է մտածելը, թե Էրդողանը թույլ է, որովհետև Թուրքիան մասնակցություն ունի աշխարհաքաղաքական հարթակում և ընդունվում է որպես լուրջ խաղացող»,-հայտարարել է Ապոստոլակիսը:
Պաշտպանության նախկին նախարարը գնահատել է նաև Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը:
«Ծովային հարցերով, տնտեսական հարցերով մենք խոսելիք ունենք Թուրքիայի հետ, բայց չեմ կարծում, որ Թուրքիան այս հարցերով կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Հունաստանն էլ ներկայում ճնշման տակ է: Հարաբերությունները կառուցվում են ըստ միջազգային հարաբերությունների շահերի, և աշխարհաքաղաքական հարթակում ստեղծված իրավիճակում եվրոպացիները նախընտրում են թուրքերին»,-ասել է Ապոստոլակիսը:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:
Կարծիքներ