Բարեփոխումները հասան նաև Արգավանդ
Արգավանդ համայնքում գյուղացիներն այսուհետև բերքը չեն կորցնի: Այստեղ հակակարկտային երկու կայան կկառուցվի, ինչի շնորհիվ բերքը կպաշտպանվի կարկուտից:
Բայց սա միակ նորությունը չէ Արգավանդ համայնքի համար: Կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ: Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ:
Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:
Համայնքում անխափան լուսավորություն ունենալու, համայնքային կյանքն ակտիվացնելու և անվտանգ դարձնելու համար կանցկացվեն սենսորային համակարգով գործող արևային լեդ լուսարձակներ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:
Երկու ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 30 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ