Աջափնյակում փակվեց վերջին աղբամուղը. Երևանի աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն իսկ փակվել է
2020թ.-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում համակարգված մեկնարկեց բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը մեծ թափ ստացավ այս տարի:
«Աղբամուղների փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա այդտեղ: Մեր վարչական շրջանների ղեկավարներն իրենց ղեկավարությամբ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ աղբամուղները փակվեն, իհարկե, օրենքի սահմաններում»,- ընդգծում է քաղաքապետը:
Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ ծրագիրն ամբողջությամբ կատարվեց: Օրերս զոդվեցին վերջին երկու աղբամուղները:
«Եղել է 215 աղբամուղ, մնացել են վերջին երկու շենքերի աղբամուղները, որոնք փակվում են: Աշխատել է մեծ թիմ, հեշտ չի եղել, բնակիչներ կային, որոնց դժվար էր համոզել, որովհետև մարդիկ տարիներով սովորել էին աղբը նետել հենց իրենց բնակարաններին մոտ, շենքի ներսում: Ծրագիրը միանգամից լուծում է տալու մի քանի խնդիրների»,- նշում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը:
Խորհրդային տարիներին Երևանում կառուցված շենքերում արմատավորված քաղաքաշինական այս լուծումը ժամանակի ընթացքում լուրջ խնդիրներ առաջացրեց բնակիչների և քաղաքային իշխանությունների համար:
«Լուծում ենք շղթայված բազմաթիվ խնդիրներ, դրանք են. տարբեր տեսակի միջատների, առնետների առկայությունը, գարշահոտությունն ու սանիտարական վիճակը: Ամիսը մի քանի անգամ նաև խցանում էր լինում՝ մի խնդիր էլ դա էր: Եվ այս մեկ ծրագրով մենք լուծում ենք դրանք ամբողջությամբ»,- նկատում է համատիրության ղեկավար Կարեն Ավագյանը:
«Այս վիճակը, ինչ-որ հիմա կա՝ աղբամուղերով, բավականին վիրուսներ ունի իր մեջ, քան այն գործող վիրուսը, որն այսօր աշխարհում տարածված է: Մենք պետք է փորձենք միասնական ուժերով հասնել արդյունքի»,- ասում է Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակից Վարդգես Զուռնաչյանը:
Մինչ զոդման աշխատանքների իրականացումը՝ աղբամուղները նախապես ամբողջությամբ մաքրվում են հատուկ նյութով: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։
Երևանում 3691 աղբամուղից 2220-ն արդեն իսկ փակվել է. ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն չի շահագործվում: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Կարծիքներ