Ֆրանսիայում ապրիլի 24-ին կանցկացվեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն անցկացվելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարևորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ:
«Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետք է աշխատենք, որ պատշաճ ձևով կազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որպեսզի ներկա լինեն կառավարության ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամավորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Հարգելով օրենքները՝ մենք պետք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թվականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանի խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախում հայերի դեմ, անընդունելի է և այդ ուղղությամբ կարևոր շեշտադրումները տեղ են գտնելու Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներում, ներկայացուցիչների ելույթներում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության, վերջինիս ծավալապաշտական քաղաքականության մասին, ըստ Մուրադ Փափազյանի, պետք է բարձրաձայնել, աշխատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները:
«Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեց, որովհետև Թուրքիան իր կողքին էր, ոչ միայն մասնագետներով, տեխնիկայով, այլև ջիհադիստներով: Պետք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիայի գործողությունները: Հանուն մեր զոհված երիտասարդների պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է աշխատենք հանուն Արցախի վերականգնման: Սա կարևոր է, Արցախը պետք է վերագտնի իր հայկական սահմանները»,-նշեց Մուրադ Փափազյանը:
Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է կազմակերպվելու կեսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Նախատեսված են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կլինեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձել է տարբեր տարիներին
. Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
.Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
. Օրենք - 29 հունվարի, 2001թ.
. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ.
. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ:
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն:
Աննա Գզիրյան
Կարծիքներ