ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ

ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ռազմական բյուջեի օրենքում փոփոխություն, որով զգալիորեն խստացվում են Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրինագծի՝ ամերիկյան ընկերություններին և ֆիզիկական անձանց կարգելվի երկրորդային շուկայում ձեռք բերել կրկին թողարկված ռուսական սուվերեն պարտատոմսեր:

Ամերիկացիներին ապրիլին արդեն արգելվել էր ռուսական սուվերեն պարտատոմսեր ձեռք բերել առաջնային շուկայում։

Ըստ Շերմանի՝ նոր պատժամիջոցների պատճառը Ռուսաստանի միջամտությունն է 2016, 2018 և 2020 թվականների ԱՄՆ ընտրություններին։ Օրենքի այս փոփոխությունը դեռ պետք է հաստատի Կոնգրեսի վերին պալատը։

Սրանով Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթը չի սահմանափակվում։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնադրության հանձնաժողովը հաստատել է պատժամիջոցներ 35 ռուս գործարարների և քաղաքական գործիչների դեմ, որոնց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղադրել էր մարդու իրավունքների խախտման մեջ։ Այս օրինագիծը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսի ստորին պալատում, սակայն ըստ Bloomberg գործակալության, այն «ամենայն հավանականությամբ, կհաստատվի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում