Եզակի դեպք. Փոխպատվաստված սրտով կինը երեխա է լույս աշխարհ բերել
Մոսկվայում 29-ամյա կինը սրտի փոխպատվաստման բարդ վիրահատությունից հետո 5 տարի անց երեխա է ունեցել: Այս անսովոր դեպքի մասին հայտնում է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտը:
Կնոջ մոտ լայնացած կարդիոմիոպաթիա էր ախտորոշվել` սրտամկանի դիսֆունկցիա, որը սրտի անբավարարության է հանգեցնում: Հիվանդությունը զարգացել էր սուր շնչառական վիրուսային վարակից հետո: 2015-ի հոկտեմբերին կնոջը սրտի փոխպատվաստում էին արել Ռուսաստանի առողջապահության նախարարության Շումակովի անվան փոխպատվաստման եւ արհեստական օրգանների կենտրոնում, ինչից հետո նրան իմունոսուպրեսիվ թերապիա էին նշանակել:
2020 թվականին կինը հղիացել էր: Առաջին եռամսյակում բժիշկները վերանայել էին իմունոսուպրեսիվ դեղամիջոցների դեղատոմսերը եւ դեղամիջոցների սխեմաներ ու դեղաչափեր էին ընտրել, որոնք անհրաժեշտ են սրտի բնականոն գործունեության համար` երեխայի համար նվազագույն ռիսկով: Մասնագետներն անընդհատ հետեւում էին հիվանդին եւ նշում, որ փոխպատվաստված սիրտն առանց խանգարումների է գործում ամբողջ հղիության ընթացքում:
Հղիության 38-րդ շաբաթում բժիշկները որոշում կայացրին էպիդուրալ անզգայացմամբ կեսարյան հատում կատարել: Վիրահատությունն իրականացվել է քաղաքային թիվ 52 կլինիկական հիվանդանոցում, իսկ հունվարի 26-ին հիվանդը լիաժամկետ աղջկի է լույս աշխարհ բերել` լավ գնահատականով Ապգարի սանդղակով: Եվ մայրը, եւ երեխան իրենց նորմալ են զգում:
Սովորաբար ամբողջ աշխարհում բժիշկները խորհուրդ չեն տալիս փոխպատվաստված օրգաններ ունեցող կանանց հղիանալ եւ ծննդաբերել, քանի որ դա հսկայական ռիսկերի հետ կապված է հիվանդի համար, հատկապես երբ խոսքը դոնոր սրտի մասին է: Փոխպատվաստումից հետո կանանց մոտ հղիությունն ու ծննդաբերությունը մեծ ուշադրություն են պահանջում բժիշկների կողմից, քանի որ մեծ ռիկս կա ոչ միայն մոր կյանքի եւ առողջության, այլեւ երեխայի համար` վիժման սպառնալիք, անհասություն եւ անբավարար քաշ:
Առաջին հաջող հղիությունը սրտի փոխպատվաստումից հետո առաջին անգամ նկարագրվել էր 1988 թվականին, եւ յուրաքանչյուր նման դեպք եզակի է համարվում կլինիկական պրակտիկայում:
Կարծիքներ