Գյուղը խմելու ջուր կունենա
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որով եւ հիմնովին կլուծվի բնակավայրի ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 848 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, գտնվում է ամփոփման փուլում, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում:
«Այրքի խմելու ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվելու է նորովի, քանի որ հին ցանցը, որը սնվել է Աբասբեկ կոչվող սարի աղբյուրակապից, տարիների ընթացքում քայքայվել ու տասնամյակներ շարունակ կորցրել է շահագործման պիտանիությունը մարդկային գործոնի պատճառով: Շատ տեղերում ջրագիծն անցել է վերգետնյա, որը թալանվել կամ ջարդվել է, շատ տեղերում հողատերերը ծակել են խողովակաշարը՝ իրենց հողամասերը ոռոգելու նպատակով, իսկ դրա արդյունքում Այրքի բնակիչները տարիներ շարունակ հարկադրված են եղել խմելու ջուրը կրել մերձակա աղբյուրներից: Այս ծրագրի իրականացումից հետո Այրքի բնակիչները կունենան շուրջօրյա ու անվտանգ ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
Մեր համայնքապետարանի կողմից որպես ծրագրի համաֆինանսավորող է հանդես գալիս «Կամրջակ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը: Վարդենիսի համայնքապետարանը ծրագրին մասնակցելու համար ֆոնդային բյուջեից հատկացնում է 5 միլիոն դրամ, իսկ մնացած 8 միլիոն 754 հազար դրամը հատկացնում է «Կամրջակ» կազմակերպությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Կարծիքներ