Թուրքիայում փլատակների տակ մնացած հայ համայնքի անդամներ կան, տուժածներին օգնելու հարցում հիմնականում անկազմակերպ վիճակ է, Հայաստանից օգնությունը շատ բարձր ենք գնահատում․ Թուրքիայի հայեր

Թուրքիայում փլատակների տակ մնացած հայ համայնքի անդամներ կան, տուժածներին օգնելու հարցում հիմնականում անկազմակերպ վիճակ է, Հայաստանից օգնությունը շատ բարձր ենք գնահատում․ Թուրքիայի հայեր

«Թուրքիայում ցնցումները կշարունակվին, պաշտոնական հաղորդագրություն է եղած, որ տուները մի մտեք տակավին»,- Civic.am-ի հետ զրույցում պատմել է Պոլսո Հայոց պատրիարքության տեր Գրիգոր քահանան ու նշել, որ միայն Մալաթիա քաղաքից 3 հայ է զոհվել՝ ծնողներն ու երեխան, իսկ ազգությամբ հայ զոհերի ընդհանուր թիվն ըստ քահանայի՝ 5-ն է։ 

Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որոնց փողոցներով նույնիսկ հնարավոր չէ քայլել, որովհետև միջքաղաքային ճանապարհներն անգամ վնասվել են երկրաշարժից՝ այդ թվում Իսկենդերուն քաղաքը, որի կեսն ավերված է։ Տեր Գրիգոր քահանան նաև նշեց, որ հայկական եկեղեցիները նույնպես վնասվել են երկրաշարժից, սակայն հնարավոր է դրանք նորոգել։ 
 
Թուրքիայում հրապարկվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Թուրքիայի 10 քաղաքներում, որտեղ երկրաշարժից ավերածություններ են եղել, այս պահին 7000-ից ավելի զոհեր կան։ Նրա խոսքով էլ՝ զոհվածներից 7-ն են ազգությամբ հայեր։ 

Բագրատ Էստուկյանը նշեց, որ ավելի քան 41 հազար վիրավորներ կան հիվանդանոցներում, և դեռևս կենդանի մարմիններ են դուրս բերվում փլատակներից։ 

Հարցին՝ Թուրքիայում հայ համայնքը մե՞ծ է, ազգությամբ հայերի մեջ զոհերի թիվը հնարավո՞ր է աճի, «Ակօս» թերթի խմբագիրն արձագանքեց․ «Հայ համայնքը մեծ չէ, հայկական թաղամասեր չկան, ժողովուրդը կապրի միասնաբար, այսինքն՝ խառը ձևով, հայերու հատուկ սահմանված վայրեր գոյություն չունեն, այդպիսի մի վայրը կա ընդամենը այդ տարածաշրջանի մեջ՝ Մուսա լեռան մոտ, բայց այդ գյուղը չի վնասվել»։ Բագրատ Էստուկյանը հավելեց նաև, որ ավերված 10 քաղաքներում հայկական դպրոց գոյություն չունի։ 

«Ակօս» թերթի խմբագիրը խոսելով երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու խնդրից՝ նշեց, որ հիմնականում անկազմակերպ իրավիճակ է․ «Անկազմակերպվածությունը շատ զգալի է ամենուրեք։ Օրինակ՝ մի տեղ բժիշկ կա դեղորայք ու այլ միջոցներ չունին, ուրիշ տեղ միջոցներ ուղարկված է՝ բժիշկ չկա»,- ասաց նա ու հավելեց, որ մի կողմից էլ կան վայրեր, որտեղ օգնության հասնելու հարցն է բարդ․ «Օրինակ՝ Հաթայի օդակայանի վազքուղին ճեղքվեց, ցամաքային ճանապարհը վնասվեց և փոխադրությունը խանգարվեց»։ 

«Ակօս» թերթի խմբագիրը հղում անելով միջազգային որոշ վերլուծաբաններին՝ չբացառեց, որ դեռ 20000 անձ հնարավոր է փլատակների տակ լինի։ 

Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Իսկենդերուն քաղաքում երեկ՝ փետրվարի 8-ին, Պատրիարքարանում կայացել է ժողով, որի ժամանակ ասվել է, որ փլատակների տակ մնացած հայ համայնքի անդամներ կան։ «Հայաստանից օգնությունը շատ բարձր ենք գնահատում, որովհետև այնպիսի պահ է, որ մարդասիրական տրամադրությունները գերիշխում են»,-հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ժամը 04։10-ի սահմաններում Թուրքիայում և Սիրայում ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով կան հազարավոր զոհեր ու վիավորներ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի 10 նահանգներում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում