Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանի կալանավորման որոշմանը հետևած արձագանքներին։

«Ուրեմն ի՞նչ են անում մի խումբ մարդիկ տարիներ շարունակ:

Մի կողմից ամեն կերպ փորձում են ապալեգիտիմացնել ու հեղինակազրկել ՀՀ ընտրված իշխանություններին: Խոսում են ակնհայտ արհամարհանքով, վիրավորական ձևակերպումներով, անգամ լեզուները չի պտտվում պաշտոնը հիշատակել: Փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորել հետևյալ միտքը՝ սրանք ո՞վ են որ, ինչ անում եք՝ լավ եք անում, սրանք թույլ են ու ձեզ ոչինչ չեն կարող անել: Զուգահեռաբար տարածում են ամեն տեսակ սուտ ու կեղծիք՝ չխորշելով անգամ հարևան երկրներում գեներացված ապատեղեկատվությունը տարածելուց ու ամեն կերպ ատելություն են սերմանում իշխանությունների նկատմամբ:

Մյուս կողմից ծափահարում ու ոգևորում են պետական պաշտոնյաների նկատմամբ անհարգանքի բոլոր դրսևորումները: Ուղիղ եթերում երկրի իշխանություններին հայհոյողներին, պատգամավորների վրա հարձակվողներին, վարչապետի մեքենայի վրա ինչ-որ բան շպրտողներին, խորհրդարանի նախագահի վրա հարձակվողներին, անդաստիարակ, զրպարտիչ ու լկտի պահվածք ցուցաբերող լրագրողներին հերոսացնում են, աջակցում, փորձում հալածյալի կերպար ստեղծել ու քաղբանտարկյալ ներկայացնել:

Ու էս մթնոլորտում 18 տարեկան տղան մտածում է, որ կարելի է հարվածել երկրի ղեկավարին: Ու երբ այդ արարքին համապատասխան ռեակցիա է լինում, էդ նույն մարդիկ աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե՝ այ-այ-այ, էս ինչ եք անում, տղայի ճակատագիրն եք կործանում...։

Ուրեմն դուք եք կործանում այս տղայի և այլ մարդկանց ճակատագիրը, դուք եք մեղավոր, որ տղան նման բան է արել և կալանավորվել:

Եվ դուք իրականում ոչ թե այս տղայի մասին եք մտածում, այլ ձեր նույն գործն եք շարունակում: Ուզում եք համարժեք պատասխանատվություն չլինի, որ վաղն էլ մեկ այլ երիտասարդի մտքով անցնի նման բան անել:

Էնպես որ ձեզ սրբի տեղ չդնեք: Ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում