Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք․ Փաշինյան
Երեկվանից ուժի մեջ է մտել սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը։ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ այս հարցին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, 36-ը շուտով կգործեն։
«Կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում է ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,-նշեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ համավարակի պայմաններում պետք է նաև մորթի սանիտարահիգենիկ պայմանները պահպանել։
«Մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- հանձնարարական հնչեցրեց վարչապետը։
Կարծիքներ