Վրաստան հնարավոր կլինի այցելել նույնականացման քարտով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագիրը վավերացնելուն

Վրաստան հնարավոր կլինի այցելել նույնականացման քարտով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագիրը վավերացնելուն

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել  նաև նույնականացման քարտերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելուն:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզաների այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993 թ մայիսի 19-ին ստորագրված ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին համաձայնագրով: Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ տարածքում առավելագույն 180 օր մեկ տարվա ընթացքում: Նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1993-ի համապատասխան համաձայնագիրն ուժը կորցրած կճանաչվի:

«2020թ. մարտի 3-ին ՀՀ և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը՝ համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որն էլ կնքվել է 2023 թ հունվարի 12-ին: Վրացական կողմը փետրվարի 2-ին արդեն ավարտել է ներպետական ընթացակարգերը: ՀՀ-ում նախագիծն անցել է սահմանադրական վերահսկողություն և ներկայացվել ԱԺ»,-ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Ըստ համաձայնագրի՝ երկու երկրների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրից, շատ կարևոր է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Սա մեր հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է՝ հատկապես այն մարդկանց, որոնք հաճախ են ճամփորդում հարևան երկիր»,-ասաց Խանդանյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շեշտեց՝ հարևանների հետ փոխհարաբերությունները կառուցելիս պետք է առաջնորդվել բացառիկ բարեկամական մթնոլորտ ստեղծելով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հարթություններում: «Մեր կարևորագույն նվաճումը պետք է լինի մեր հարևան ժողովուրդների հետ մեր հարաբերությունների ճշգրտումն ու դրանք հարևանային ռեժիմ տեղափոխելը: Դա մեր առաքելությունն է, մեր պետության անվտանգությունն է…: Մենք այս պահին կանգնած ենք խրթին խնդիրների առջև, որը պարունակում է երկու թնջուկ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները: Երկու պարագայում էլ թնջուկը գեներացրել է վտանգ՝ Հայաստանի և ժողովրդի անվտանգության համար: Վրաստանի օրինակով մենք պետք է կարողանանք ձգտել, որ մեզ շրջապատող բոլոր ժողովուրդների հետ գտնենք գոյակցության բանալին, այն ֆորմուլան, որը հնարավորություն է տալու մեզ խաղաղ ապրել՝ չունենալով իրար ոչնչացնելու ծրագրեր»,-ասաց Արսենյանը:

Վահան Կոստանյանն արձագանքեց՝ ՀՀ-ն իր երկու հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները փորձում է կառուցել անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ հաշվի առնելով այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է այդ հարաբերություններին: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին՝ փոխնախարարն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին դրանք բավականին խորացել են, հարաբերությունները բավականին ինտենսիվացել են, քաղաքական մակարդակում հարաբերությունները շատ ակտիվ են:  «Իհարկե, մենք հանրային, հասարակական մակարդակում ունենք որոշակի խնդիրներ, որոնք հասցեագրելը շատ կարևոր է, անգամ անվտանգային նշանակություն ունի: Ցավոք, վրացական մեդիայում երբեմն նաև հայտնվում են որոշակի ելույթներ, որոնք ատելության խոսք են պարունակում Հայաստանի և հայերի նկատմամբ: Մենք այս թեմայով սերտորեն աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ այս թեմայով: Եվ վստահ եմ, որ կկարողանանք հաղթահարել այս խնդիրները»,-նշեց Կոստանյանը:

Իսկ ընդհանրապես, փոխնախարարի խոսքով, Հայաստանը և Վրաստանն իրենց հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցում են միմյանց չվնասելու և միմյանց զգայունություններն ամբողջությամբ հաշվի առնելու վրա:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում