Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսը համերգ-ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի
Շնորհակալ եմ ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպած համերգ-ընդունելության համար՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության։ Շնորհակալություն հայտնելով նման ընդունելության արժանացնելու համար խոսքումս մասնավորապես նշել եմ. «Որպես ՀՀ դեսպան՝ ինձ համար մեծ պատիվ և օրհնություն է Ծաղկազարդի կիրակի օրը արժանանալ նման ընդունելության և վայելել մեծանուն կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները։
Համաձայն Ալան Հովհաննեսի ժամանակակիցների՝ նրա կյանքը ինքնաճանաչման փնտրտուք էր, և այդ գաղափարը հիմա էլ մեզ հետ է, քանի որ մենք՝ որպես ազգ, կանգնած ենք ինքնաճանաչման, որպես պետություն՝ ինքնանորոգման, իսկ որպես եկեղեցի՝ բարենորոգման խնդրականի առաջ։ Բայց մի բան հստակ է՝ բոլոր ուղղություններով հաջողելու ենք»։
Հանդիպմանը ներկա էին համայնքային առաջնորդներ, Ալան Հովհաննեսի ընտանիքի անդամները, եկեղեցու ծխական խորհրդի անդամներ, հավատացյալներ եւ այլք:


Կարծիքներ