Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 300 000-ը

Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 300 000-ը

Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 300 000-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսի 2 621 նոր վարակակիր հայտնաբերել, նախօրեին հիվանդությունից մահացել է 226 մարդ։

Փետրվարի 19-ին վարակման դեպքերի մասին առաջին հայտարարությունից հետո այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 301 530-ի, մահացել է 16 569 մարդ։ Այժմ ապաքինվածների թիվը հասել է առնվազն 257 019-ի։

Նշվում է, որ Իրանում համաճարակաբանական իրավիճակը թռիչքաձև է զարգանում․ մարտ-ապրիլ ամիսներին օրական ավելի քան 3000 վարակակիր հայտնաբերելուց հետո մայիսին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել էր, սակայն ավելի ուշ՝ կրկին վատթարացել։ Այս ընթացքում վարակման դեպքերի նոր ռեկորդ է սահմանվել, որը գերազանցել է նաև մարտին սահմանված ցուցանիշը։ Միևնույն ժամանակ վերջին 2 ամսում կտրուկ ավելացել է մահացության ցուցանիշը։

Երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ իշխանությունները հուլիսի 5-ից սկսած հասարակական և փակ վայրերում դիմակների պարտադիր կրման ռեժիմ են սահմանել։ Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում այժմ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է, որը մեկնարկել է հունիսի կեսերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում