Հնդկաստանում գործարարը Covid-19-ով վարակվելուց հետո իր գրասենյակն աղքատների համար 85 տեղանոց կորոնավիրուսային բաժանմունքի է վերածել
Հնդիկ գործարար Կադար Շայիխը կորոնավիրուսով վարակվելուց և բարեհաջող ապաքինվելուց հետո որոշել է իրեն պատկանող գրասենյակը վերածել հիվանդանոցի, որտեղ բուժում կտրամադրվի կարիքավոր վարակակիրներին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ընդհանուր առմամբ, տեղադրվել է 85 մահճակալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպերը շարունակում են պահպանվել. երկրում գրանցվել է վարակման 1,5 մլն դեպք, մոտ 35 000 մահ, սակայն ենթադրվում է, որ իրական ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են: Հանրային հիվանդանոցները լեփ-լեցուն են:
Գործարարը պատմել է, որ կորոնավիրուսը բուժելու համար քսան օր մասնավոր կլինիկայում է անցկացրել, և երբ վերջում տեսել է հաշիվը, ուղղակի ապշել է: Նա հասկացել է, որ ամեն մարդ չէ, որ կարող է իրեն նման բուժում թույլ տալ:
«Հաշիվն ուղղակի ահռելի էր, ինչպե՞ս աղքատ մարդը կկարողանա իրեն նման բան թույլ տալ, ուստի՝ որոշեցի ինչ-որ բան անել ու աջակցել վարակի դեմ պայքարին»,-ասել է գործարարը:
Նա իր 2800 քմ մակերեսով գրասենյակը վերածել է հիվանդանոցի՝ գնելով անհրաժեշտ մահճակալներն ու վճարելով կոմունալ վարձերը, մինչդեռ կառավարությունն ապահովել է բուժանձնակազմը, տեխնիկան և դեղորայքը, ինչպես նաև վճարում է բժիշկներին:
«Այստեղ ընդունում են ցանկացած մարդու՝ անկախ կաստայից կամ դավանանքից»,-ասել է գործարարը:
Կարծիքներ