Վերապատրաստման նոր ծրագիր՝ անգլերենի ուսուցիչների համար
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Future English ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին և կարևորել նախագծի իրականացման դերն անգլերենի դասավանդման մակարդակը հայաստանյան դպրոցներում բարձրացնելու տեսանկյունից:
«Բացի անգլերենի մակարդակը բարելավելուց՝ մեր ուսուցիչների համար առաջնային է նաև օնլայն տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունները զարգացնելը, ինչը ժամանակի հրամայականն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել նախագծի մասնակիցներին:
Առաջին հանդիպմանը բանախոսները ներկայացրել են Անգլերենի ուսուցիչների առցանց համայնքի (OTC) դերը, անելիքները, մասնագիտական զարգացման ծրագրի կարևորությունը, ինչպես նաև պորտֆոլիո մշակելու և մասնագիտական զարգացումներին տիրապետելու առավելությունները:
Կարծիքներ