Թուրքական ընկերությունը բողոքի ցույցերից հետո խզել է Վրաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման պայմանագիրը
ENKA Renewables ՍՊԸ-ն, որի 90%-ը պատկանում է թուրքական ENKA Insaat-ին, չորեքշաբթի Վրաստանի կառավարությանը տեղեկացրել է, որ խզում է 2019 թվականի ապրիլի 25-ին Նամախվանիի հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ պայմանագիրը: Ինգուրիի հիդրոէլեկտրակայանից հետո այն դառնալու էր Վրաստանում մեծությամբ երկրորդը՝ հայտնում է Interfax-ը:
«Պայմանագրի խզման պատճառը դրանում ամրագրված պայմանների խախտումն է և ֆորսմաժորային իրավիճակը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Ծրագիրը նախատեսում էր Ռիոնի գետի վրա երկու հիդրոէլեկտրակայանների՝ Թվիշի և Նամախվանի ՀԷԿ-երի կառուցում՝ 433 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, որը կբավարարի Վրաստանի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 12%-ը: Ծրագրի ներդրումային արժեքը 730 մլն դոլար էր, շինարարության ժամկետը՝ 5 տարի:
Անցած տարեվերջից, սակայն, Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ այդ հիդրոէլեկտրակայանների կառուցման: Ցուցարարների խոսքով՝ «շինարարությունը, անշուշտ, կփոխի միկրոկլիման, կակտիվացնի սեյսմիկ գործընթացները և, ի վերջո, կհանգեցնի բնապահպանական աղետի տարածաշրջանում»: Նրանք անբավարար էին համարում կառավարության հավաստիացումները, թե երկրի էներգետիկ անկախության համար այս շատ կարևոր նախագիծը կիրականացվի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան:
Ցուցարարները Վրաստանի կառավարությունից պահանջում էին խզել ENKA Renewables-ի հետ պայմանագիրը, իսկ ընկերությունից՝ հեռանալ Ռիոնի կիրճից: Պահանջների թվում էր նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավիի հրաժարականը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր անմիջականորեն ներգրավված էին նախագծում: Բողոքի ակցիաների արդյունքում դադարեցվել է ծրագրի իրականացման աշխատանքը, իսկ ENKA Renewables-ը որոշել է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:
Կարծիքներ