«Կյանքը երբեմն զոհաբերվում է բարձր գաղափարի ՝ հայրենիքի համար». ԵՊԲՀ սովորող
«Կյանքը երբեմն զոհաբերվում է բարձր գաղափարի ՝ հայրենիքի համար». ԵՊԲՀ սովորող
Վարդան Վարդանյանը ապագա վիրաբույժ է, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր, որը ևս պատերազմի ընթացքում ընկերների հետ սպիտակ բանակի շարքում էր, ակտիվ մասնակցում եր վիրավորում ստացած մարտիկների տեղափոխման, բուժօգնության տրամադրման գործին:
«Պատերազմի օրերին եղել եմ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Վարդենիսի զինվորական հոսպիտալում, այնտեղ բժշկական թիմով վիրավոր զինվորներին ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն, իսկ ավելի ծանր վիճակում գտնվողներին տեղափոխել Երևան: Պատերազմի ժամանակ բժիշկը ևս զինվոր է, պետք է ճշգրիտ կատարի հրամանները, լինի ավելի պատասխանատու, անձնազոհ և չվախենա անգամ մահից»,-նշում է Վարդանը:
Նրա խոսքով՝ պատերազմը սովորեցրեց լինել գերուշադիր բոլորի հանդեպ. «Կյանքը միակն է ու շատ թանկ, բայց երբեմն այն զոհաբերվում է բարձր գաղափարի համար ՝ հանուն հայրենիքի»:
Ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ ցանկանալով ավելի շատ օգտակար լինել մարդկանց ՝ պարգևելով նրանց առողջություն: Սիրում է ընտրած ոլորտը և մշտապես ձգտում է սովորել ավելին:
«Բժշկի մասնագիտությունը պահանջում է մեծ պատասխանատվություն, անսահման հոգատարություն, խիզախություն և հոգեբանական մոտեցում: Բժշկին է վստահվում ամենաթանկը՝ մարդու կյանքն ու առողջությունը»,-ընդգծում է ապագա վիրաբույժը:
Ջանք չխնայելով լավ մասնագետ դառնալու գործում նա ազատ ժամերին սիրում է կարդալ նեղ մասնագիտական գրականություն, հետևել բժշկական նորարարություններին, ինչպես նաև կատարել հայկական ժողովրդական երգեր, որոնք ևս ապրեցնում են հետպատերազմյան դժվարին ժամանակներում:
Կարծիքներ