Ընտանիքի միջազգային օրվա առթիվ ընդգծվել են ընտանիքների աջակցության պետական ծրագրերը
Արսեն Թորոսյանը գրել է.
Սիրելի՛ քաղաքացիներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։
Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։
Մասնավորապես, շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված ամսական 50,000 դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300,000 դրամից դառնալով 500,000 դրամ։ Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։
Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից է նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:


Կարծիքներ