Netflix-ի բաժանորդների թիվն ավելացել է 10.1 միլիոնով
Հոսքային հեռարձակման ծառայություններ մատուցող ամերիկյան Netflix կորպորացիայի բաժանորդների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել է 27.3 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով հինգշաբթի կորպորացիայի կողմից հրապարակված հաշվետվությանը:
Համաձայն փաստաթղթի՝ հաշվետու ընթացքում ընկերության բաժանորդների թիվը ավելացել է 10.1 միլիոնով 2019-ի երկրորդ եռամսյակի 2.7 միլիոնի դիմաց, իսկ 2020-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 15.77 միլիոն:
Եկամուտը կազմել է 6.148 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելացել է 24.9 տոկոսով համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.923 միլիարդ դոլարի: Ընկերության մաքուր շահույթը նույն ժամանակահատվածում 271 միլիոն դոլարից հասել է 720 միլիոն դոլարի: Ընկերության հաշվեկշռում իրացվելի պահուստները այս պահին կազմում են 899 միլիոն դոլար:
Netflix-ն ակնկալում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կկազմի 6.327 միլիարդ դոլար, մաքուր եկամուտը՝ 954 միլիոն, իսկ նոր բաժանորդների թիվը կհասնի 2.5 միլիոնի:
Կարծիքներ