Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին
Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Քաղաքացիները կընտրեն 10-րդ գումարման օրենսդիր մարմնի պատգամավորներին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը կընտրվի համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով:
Մինչ այդ կուսակցական ցուցակներով եւ մեծամասնական ընտարակարգով ներկայացվածությունը հետեւյալ ձեւաչափով էր՝ 77/73, համապատասխանաբար: Համարվում է, որ Վրաստանի համար համամասնական համակարգն ավելի դեմոկրատական է:
Ընտրություններին մասնակցում են 48 քաղաքական կուսակցություններ եւ երկու դաշինք: 30 միամանդատ շրջաններում մոտ 490 թեկնածու կա: Համապատասխանաբար, մրցակցությունը շատ լուրջ է:
Վրաստանում այժմ գործում է նոր ընտրական կանոն, որը նախատեսում է պարտադիր գենդերային քվոտաներ. կուսակցական ցուցակները պետք է այնպես ձեւավորվեն, որ այնտեղ լինի կանանց առնվազն 25%:
Վրաստանում ընտրական գործընթացը սկսվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ից, քվեարկությունն ընթանում է սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ խոսնակ Աննա Միքելաձեն:
Քանի որ ընտրություններն անցկացվում են կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ:
Կարծիքներ