Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը շուտով կվերջանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր կողմնակիցներին հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակը շուտով կվերջանա, եւ իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին մեղադրել է առողջապահական ճգնաժամի սրությունը չափազանցնելու մեջ` ամերիկացիներին վախեցնելու եւ իր օգտին քվեարկել ստիպելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ում ավելի քան 224.000 մարդու կյանք խլած եւ միլիոնավոր աշխատատեղերի կորստի հանգեցրած համավարակը նախընտրական քարոզարշավի հիմնական թեման է դարձել երկրում:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը պարտություն է կրել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ խոստացել էր, որ իր հաղթանակի դեպքում Կոնգրեսին կխնդրի COVID-19-ի մասին համապարփակ օրենք ընդունել, որը նա կստորագրի իր ընտրվելուց հետո առաջին 10 օրվա ընթացքում:
Ֆլորիդայում նախընտրական երկու հանրահավաքների ժամանակ Դոնալդ Թրամփը քննադատել էր Ջո Բայդենին: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահը եւ նրա գործընկեր դեմոկրատները փորձում են վախեցնել մարդկանց` չափազանցնելով կորոնավիրուսի սպառնալիքը: «Մենք պատրաստվում ենք արագ վերջ տալ համավարակին»,- ասել էր ԱՄՆ նախագահը:
Ավելի ուշ Դենալդ Թրամփը, ելույթ ունենալով Պենսակոլայում իր կողմնակիցների առջեւ, ասել էր, որ առաջիկա քվեարկությունն ընտրություն է «բումի եւ լոքդաունի միջեւ»:
Կարծիքներ