Հունվարի 28-ից էկրաններ կբարձրանա «Հարսանիք թիկունքում» ֆիլմը
Հունվարի 28-ից էկրաններ բարձրացող «Հարսանիք թիկունքում» ֆիլմի հիմքում համանուն և սիրված ներկայացումն է, որ գրեթե 70 անգամ բեմ է բարձրացել:
Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել. խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը և այլք: Փոխվել է ռեժիսորը, այս անգամ այդ կարևոր դերը ստանձնել է Արշալույս Հարությունյանը, ում խոսքով՝ չէր ընդունի առաջարկը, եթե մի քանի կարևոր գործոններ չլինեին:
««Հարսանիք թիկունքում» ներկայացումը ստացված էր, սիրված, հասել էր իր փառքի գագաթնակետին, ստանձնելն այս աշխատանքի էկրանավորման պարտականությունը բավական բարդ էր, ինչպես նաև մասնագիտական սոլիդարության խնդիր կա, սակայն մենք ամեն բան արեցինք այնպես, կարծես մի մեծ ընտանիք լինեինք: Իմ ընկերների՝ ներկայացման բեմադրող Լյուդվիգ Հարությունյանի, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանի և պրոդյուսեր Արման Միտոյանի կողմից էր առաջարկը, չէի կարող չընդունել: Ընդունեցի առաջարկը և չսխալվեցի, ամեն բան արվում էր շատ մանրակրկիտ: Ինչպես նաև շատ կարևոր էր իմ հարազատ՝Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործոնը: Թեպետ ունեմ պրակտիկա, երբ էկրանավորման դեպքում փոփոխություններ եմ մտցնում դերասանական կազմում, սակայն այս անգամ խուսափեցի փոփոխություններից: Ցանկացած ռեժիսորի համար երազելի աշխատանքային մթնոլորտ էր, աշխատում էի նվիրյալների հետ»,-ասաց ռեժիսորը:
Ըստ Արշալույս Հարությունյանի՝ քանի որ այս ներկայացումը Հայաստանում և Սփյուռքում խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում, ըստ այդմ էլ՝ ցանկություն կար, որ ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար, այդ պատճառով որոշվել էր ֆիլմ նկարահանել.
«Ցանկություն կար այնպես անել, որ տվյալ գործն ավելի շատ հանդիսատես ունենա ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, աշխարհագրությունը մեծացնելու միտք կար, իսկ տեխնիկական խնդիրներից ելնելով՝ միշտ չէ, որ դա հնարավոր է: Ֆիլմի պրեմիերան պետք է լիներ ապրիլի 2-ին, հետո սկսվեց համաճարակն, ու որոշեցինք 2021-ի ապրիլին անել պրեմիերան, բայց վերջին իրադարձություններից հետո հապաղելու կարիք չկար, հիմա այն ավելի քան արդիական է: Մենք այս ֆիլմը նվիրում ենք հայ զինվորին»:
Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում. սա էքսպերիմենտ էր, նման ձևաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել:
«Որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբևէ չէր արվել: Պահպանված է թատրոնի աուրան, բայց ամեն ինչ փոփոխության է ենթարկվել և ադապտացվել է տեսախցիկին և կինոյի լեզվին, սա հեռուստաթատրոն չէ, այլ ֆիլմ է: Դեկորացիաներից սկսած ադապտացիայի է ենթարկվել ամեն ինչ, շատ մանրակրկիտ աշխատանք է տարվել: Գուցե, հանդիսատեսը նույնիսկ չնկատի, որ գործողությունները կատարվում են թատրոնի բեմում»,-ասաց Արշալույս Հարությունյանը:
Ռեժիսորի կարծիքով «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը չի խանգարի ներկայացման հետագա ճակատագրին և հակառակը.
«Թատրոնն ամեն դեպքում կենդանի արվեստ է, շնչող օրգանիզմ է, այդ ամենը միանգամայն տարբերվում է ֆիլմից: Կարծում եմ, որ միմյանց չեն կարող խանգարել, նույնիսկ մրցակից չեն: Նրանք, ովքեր արդեն դիտել են ներկայացումը, փոփոխություններ կտեսնեն, որովհետև էներգետիկ դաշտն այլ է, կարծում եմ՝ հետաքրքրությամբ կդիտեն: Նրանք, ովքեր չեն դիտել և առաջինը ֆիլմը կդիտեն, կարծում եմ՝նույն հաճույքով կդիտեն ներկայացումը»:
Հավելենք նաև, որ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Գործողությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:
Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:
Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժի ռեժիսոր՝ Սուրեն Սարգսյան, պրոդյուսեր՝ Արման Միտոյան, սցենարը՝ Անահիտ Աղասարյանի, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկո, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:
Մտահղացումը՝ Տիգրան Վիրաբյանի:
Կարծիքներ