Պետք է աղաղակել. Մարուքյանի կարծիքով՝ գերիների վերադարձի հարցով ջանքերին պետք է միանան շատ երկրներ
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրները և շատ այլ երկրներ: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցներում:
Պատգամավորի կարծիքով՝ պետք է ոչ թե լռել, այլ աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ Ադրբեջանը վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին:
Ըստ Մարուքյանի՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ կապված գերիների վերադարձի հետ, չեն կարողանում իրացնել: «Հումանիտար իրավունքով նրանք սխալ են, պատերազմի կանոններով սխալ են, պատերազմից հետո հրադադար ստորագրելու կանոններով նրանք սխալ են. բոլոր կանոններով Ադրբեջանը սխալ է: Հիմա մենք լռե՞նք այդ սխալը տեսնելով: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի ջանքերին պետք է միանան Միացյալ Նահանգները, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրներ՝ դրան գումարած նաև ԵՄ-ն, աշխարհի այլ երկրներ: Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի այս հարցի շուրջ և պարտադրի, ճնշի, որ Ադրբեջանը վերադարձնի Հայաստանից, Արցախից՝ իր մոտ պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Կարծիքներ