2020 թվականին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով

2020 թվականին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով

2020 թվականին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով եւ կազմել է շուրջ 198 մլրդ դրամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Խնդրում եմ հաշվի առնել, որ այստեղ ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները եւ ներառված չեն կապի օպերատորները»,- ներկայացրեց նախարարը:  

Նա հայտնեց, որ 2020-ին ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: «Մենք ունենք բարձր տեխնոլոգիական ընկերության ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություններ: 2020 թվականին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր եւ կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են ԲՏԱ նախարարության քաղաքականությամբ եւ օրենքով»:

Արշակյանն ասաց, որ հայկական ծագում ունեցող ստարտափները 2020 թվականին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են արել, հիմնականում՝ արտասահմանից: Նախարարի խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի վճարած հարկերը 2020-ին 2019-ի համեմատ աճել են 14 տոկոսով եւ գերազանցում են 41 մլրդ դրամը:

Նա ոլորտով հետաքրքրվող քաղաքացիներին ներկայացրեց ոլորտի միջին աշխատավարձի չափը. «2019 թվականին մաքուր աշխատավարձը կազմել է 543 հազար 982 դրամ, իսկ 2020 թվականին արդեն գերազանցում է 580 հազար դրամը: Այսպիսով՝ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին. նրանք, ովքեր բարձրագույն կրթության պիտի ստանան, հատկապես՝ դպրոցում բնագիտական ուղղություններով, ֆիզիկա-մաթեմատիկա ուղղություններով, լավ արդյունքներ ունենան ու դիմեն ինժեներական ուղղությունների համար: Որովհետեւ ոլորտը թե՛ ակտիվորեն աճում է, եւ թե՛ Հայաստանը լավ պոտենցիալ ունի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում