Sony-ն նախատեսում Է մշակել այնպիսի արհեստական բանականություն, որը կարժանանա Նոբելյան մրցանակի

Sony-ն նախատեսում Է մշակել այնպիսի արհեստական բանականություն, որը կարժանանա Նոբելյան մրցանակի

Վերջին տարիներին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման համակարգերի շնորհիվ գիտության ամենատարբեր բնագավառներում՝ գենետիկայից մինչև բժշկություն ու համակարգչային գիտություններ, գրանցվել է աննախադեպ առաջընթանց։ Այս ամբողջ ընթացքում AI/ML համակարգերը մեծամասամբ օգտագործվել են հսկայական ծավալով տվյալների մշակման ու հաշվարկներ կատարելու համար։ Ստեղծված համակարգերից գրեթե ոչ մեկն ի զորու չէ ինքնուրույն ղեկավարել հետազոտությունը։ 

Sony ընկերության Համակարգչային գիտությունների լաբորատորիաների գործադիր տնօրեն Հիրոակի Կիտանոն հայտնել է, որ պատրաստվում է փոխել այս իրավիճակն ու մշակել այնպիսի ԱԲ, որը կկարողանա ինքնուրույն ղեկավարել հետազոտությունները և ոչ միայն, գրում է ita.am-ը՝ հղում անելով engadget.com-ին։ 

Կիտանոն նախատեսում է սկսել Nobel Turing Challenge-ը, որի նպատակն է մշակել այնպիսի խելացի ԱԲ, որը կարժանանա Նոլելյան մրցանակի։ Կիտանոյի ներկայացրած ծրագրի համաձայն, դրա համար կպահանջվի մոտ 30 տարի և մինչև 2050 թվականը ԱԲ գիտնականը իր գիտական ձեռքբերումների ու գյուտերի համար կարժանանա այդ հեղինակավոր պարգևին։

Ըստ Կիտանոյի՝ ԱԲ-ն կկատարի գիտության ու տեխնոլոգիայի բնագավառներում հիմնովին նոր հայտնագործություններ։ Առանցքային խնդիրներից մեկն այն է, որ ԱԲ-ն չբացահայտի այն, ինչ գիտնականներն արդեն գիտեն և չընդօրինակի մարդկային միտքն ու նմանվի վերջինիս։ Նախագծի տեսլականը «ինքնին գիտական հայտնագործությունների վերաձևակերպումն է և դրանց այլընտրանքային ձևի ստեղծումը»։

«Նախագծի արժեքը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք կարող են անընդմեջ և ինքնուրույն հայտնագործություններ կատարել։ ԱԲ-ն կառաջադրի հնարավորինս շատ վարկածներ և դրանք արդյունավետորեն կստուգի, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել խոշոր հայտնագործությունների»,- նշել է Կիտանոն։

Այսօրվա ԱԲ համակարգերը տասնամյակների գիտական ​​հետազոտությունների և փորձերի արդյունք են՝ սկսած 1950 թվականից, երբ Ալան Թյուրինգը հրատարակեց իր հիմնական՝ «Հաշվողական տեխնիկա և բանականություն» աշխատությունը։ Ժամանակի ընթացքում այս համակարգերը գիտական շրջանակների հետաքրքրության առարկա լինելուց վերածվել են տվյալների մշակման և վերլուծության կենսական գործիքների։ Nobel Turing Challenge-ի շրջանակներում ստեղծված ԱԲ-ն կարող է անճանաչելիորեն փոխել այս իրավիճակը՝ ԱԲ համակարգերը զուտ գործիք-ուղեղ լինելուց վերածելով ղեկավար-ուղեղների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում