Հեռու եմ այն մտքից, որ ՌԴ-ն անուժ է և չի կարող կարգի հրավիրել Ադրբեջանին․ ՌԴ-ի շահերն Ադրբեջանի հետ հատվում են․ իրավագետ
Իրավագետ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարևոր նշանակություն ունի ՌԴ-ից Արցախի հարցի մենաշնորհը վերցնելու համար։
Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև․
- Պարոն Խալաթյան, վերջերս հայտնի դարձավ, որ փոխվել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարը։ Սրան նախորդել էր ադրբեջանական անցակետի տեղադրումը, ինչից հետո էլ ադրբեջանական կեղծ էկոակտիվիստներն ավարտեցին ակցիան։ Պայմանավորո՞ւմ եք արդյոք զորախմբի հրամանատարի փոփոխությունն անցակետի տեղադրման հետ:
- Չեմ կարծում՝ ինչ-որ առնչություն ունի, հարցը քաղաքական է։ Չպետք է սին հույսեր փայփայենք, որ զորախմբի հրամանատարը կարող է քաղաքական բնույթի հարցեր լուծել։ Նա տեղում կատարում է ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հրամանները։
Կրկնում եմ՝ կեղծ նարատիվ է այն, թե զորախմբի նախկին հրամանատարը չկարողացավ տեղում ճիշտ բանակցել ադրբեջանական կողմի հետ անցակետի տեղադրման հարցում, դրա պատճառով ՌԴ ղեկավարությունը դժգոհ է և հրամանատարին այդ պատճառով փոխեցին։ Դա արդար թագավորի ու անազնիվ ենթականների կեղծ պնդում է, թե ՌԴ իշխանություններն ունեն պրոհայկական ուղղվածություն կամ միտված են Արցախում իրենց պարտականությունները կատարելուն, սակայն հրամանատարները կոռումպացված են։ Նման բան գոյություն չունի։ Այս ամենը լռելյայն հաստատման արդյունք է. ՌԴ ղեկավարությունը չի միջամտում ու անտարբեր է Արցախում տեղի ունեցողի հանդեպ։
- Այնուամենայնիվ, առհասարակ որևէ սպասելիք պե՞տք է ունենալ նոր հրամանատարից։
- Որևէ սպասելիք չպետք է ունենալ, քանի որ խնդիրը բարձր մակարդակում է։ Հրամանատարը կաշկանդված է այլ որոշումներով, որոնք իջեցվում են վերևից։ Իսկ էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում կշարունակվի՞, թե՞ ոչ, կարող են ասել միայն Կրեմլից և Բաքվից: Այդ քաղաքականությունն իրականացնում է Ադրբեջանը՝ ոտնահարելով Եռակողմ հայտարարությունը, խախտելով ռուսակենտրոն հետպատերազմյա անվտանգային ճարտարապետությունը։ Ես հեռու եմ այն մտքից, որ ՌԴ-ն անուժ է և չի կարող կարգի հրավիրել Ադրբեջանին։ ՌԴ-ի շահերն այսօր Ադրբեջանի հետ հատվում են՝ հաշվի առնելով նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։
- Անցակետի հետ կապված Ադրբեջանը նոր տեսանյութ է դրել շրջանառության մեջ, որտեղ արցախցիներն անցնում են այդ անցակետով։ Ադրբեջանական այս բեմականացումից անդին, ինչ եք կարծում՝ արցախցիները արդյոք պե՞տք է օգտվեն այդ անցակետից, թե՞ ոչ՝ դրանով իսկ ցույց տալով, որ այն օրինական չէ։
- Միանշանակ պետք է չօգտվեն, որովհետև միջազգային իրավունքում կա լռելյայն համաձայնություն հասկացությունը, որից հետևում է, որ եթե դու իրականացնում ես որոշակի գործողություն, տվյալ պարագայում՝ անցակետից օգտվելը, ապա ընդունում ես քո վիճարկած հարցի հետ կապված տվյալ մոտեցումը կամ Եռակողմ հայտարարության բովանդակության փոփոխությունը։ Արցախը՝ որպես էթնիկ համույթ, իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրեն երաշխիքներ են պետք։ Որքան էլ դժվար լինի, պետք է հրաժարվեն օգտվել անցակետից և փորձեն այնպես անել, որ այն ապամոնտաժվի։
Նվազագույն հարցերն արդեն ՀՀ-ն իր դիվանագիտությամբ լուծել է. Միրզոյանը հայտարարել է՝ Լաչինի հարցի վերաբանակցում չի լինելու, դրանով ստացվում է, որ Ռուսաստանում կայանալիք առաջիկա հանդիպումը ձևականություն է։ Մենք սահմանել ենք մեր կարմիր գիծը։ Կարևոր է նաև, որ շրջադարձային քայլեր անենք ռազմաքաղաքական ոլորտում, ավելացնենք ուժային բաղադրիչը։
- Անդրադառնանք նաև բանակցությունների ընթացքին. ի՞նչ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումից:
- Կարծում եմ՝ ԱՄՆ-ի բանակցությունը կարևոր նշանակություն կունենա ՌԴ-ից Արցախի մենաշնորհը վերցնելու և հարցին միջազգային կարգավորում տալու համար։ Մենք պետք է Արևմուտքի հետ հստակ խոսենք, այդ թվում՝ ռազմական շրջադարձերի մասին։
Եթե Ադրբեջանը Լաչինը չապաշրջափակի, ապա ՀՀ-ի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրն առաջ չի գնա, ԱՄՆ-ն նույնպես դա գիտակցում է։
Կարծիքներ