Բելառուսը օտարերկրացիների համար դադարեցնում է մուտքը երկիր
Նոյեմբերի 1-ից Բելառուսը ժամանակավորապես դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի համար սահմանի հատումը, հայտնում է «Sputnik-Բելառուսը»՝ հղում կատարելով Պետական սահմանային կոմիտեին:
Մասնավորապես, հաղորդվում է, որ երկրի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակել Բելառուսի սահմանի հատումը՝ կապված COVID-19-ի հետ:
Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի համար սահմանի հատումը կասեցվել է ավտոճանապարհային անցակետերում, պարզեցված անցակետերում, երկաթուղային կայարանների եւ կայարանների, պետական սահմանի վրա գտնվող գետային նավահանգիստների անցակետերում, հայտնում է ՊՍԿ-ն:
Կան մի շարք բացառություններ, թե քաղաքացիների որ կատեգորիաները ենթակա չեն մուտքի սահմանափակումների: Այսպես, նախկինի պես դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով օտարերկրացիները, պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, միջազգային օգնություն տրամադրող օտարերկրացիները եւ հեռավար բեռնատարների վարորդները կարող են Բելառուս մուտք գործել:
Բացի այդ, սահմանափակումները չեն տարածվում այն օտարերկրացիների վրա, ովքեր Բելառուսի քաղաքացիների ամուսիններ, ծնողներ կամ երեխաներ են եւ ունեն Բելառուսում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունք: Բացի այդ, բացառություն կկազմեն այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն աշխատանքի թույլտվություն, եւ նրանք, ովքեր մեկնում են Բելառուս մոտ ազգականի ծանր հիվանդության կամ մահվան մասին ծանուցմամբ:
«Բելառուսով տարանցիկ ճանապարհորդող ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել: Եթե նրանք ցանկանում են այլ նպատակներով այցելել մեր երկիր, ապա նրանք չեն կարողանա դա անել»,- «Sputnik-Բելառուս»-ին ասել է Պետական սայմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:
Այն անձինք, ովքեր Բելառուս են ժամանում Մինսկի ազգային օդանավակայանի միջոցով, նույնպես չեն ենթարկվում այդ սահմանափակմանը:
Կարծիքներ