Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի
Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ:
ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են:
«Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված:
Կարծիքներ