Դոնեցկն ու Լուգանսկն այսուհետ անկախ պետություններ են. Պուտինը զգուշացնում է Ուկրաինային, Նարիշկինը՝ վերջնաժամկետ տալիս
Գիշերը միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու համացանցը ողողվեցին աննախադեպ լուրով:
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մինչ այս ելույթ ունենալով ռուսներին ուղղված կոչով, պետության ղեկավարը Ուկրաինայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Դոնբասում՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Կիևը «ամբողջովին պատասխանատվություն է կրելու արյունահեղության հնարավոր շարունակման համար», ինչպես նաև զգուշացրել է, որ կառուցողական չլինելու դեպքում, անվտանգության երաշխիքների վերաբերյալ արևմուտքի առաջարկներին ի պատասխան, Մոսկվան ունի «պատասխան միջոցներ ձեռնարկելու» բոլոր իրավունքները։
Ժամանակային առումով նախագահի ներկայիս ուղերձը դարձել է ամենաերկարը և համեմատելի է Դաշնային ժողովին ուղղված պետության ղեկավարի ելույթի հետ։
Ուղերձը տևել է 55 րոպե, ստորև ուղերձի ամենակարևոր հատվածներն են.
Դոնբասի ճանաչում
Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումն անվանել է «վաղուց ուշացած որոշում» և խնդրել է խորհրդարանին աջակցել դրան, ինչպես նաև վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը:
«Կիևում իշխանությունը զավթածներից և տիրողներից մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմի խղճին»,- զգուշացրել է Պուտինը
Նրա խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ արեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար», այդ թվում,երբ պայքարում էր մինսկյան պայմանավորվածությունների կատարման համար, բայց ապարդյուն։
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն
Մոսկվան բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ «Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և դրան հաջորդած ՆԱՏՕ-ի օբյեկտների այստեղ տեղակայումը կանխորոշված ծրագիր է», - ասել է Պուտինը: Այս դեպքում այն կդառնա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կանխարգելիչ հարվածի համար լավ հարթակ:
Դեկտեմբերին ռուսական կողմը Վաշինգտոնին և Բրյուսելին առաջարկեց համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնց համաձայն՝ նա պահանջեց ՆԱՏՕ-ից զերծ մնալ դեպի արևելք, ներառյալ Ուկրաինա շարժվելուց և հարվածային զինատեսակներ տեղակայելուց այդ երկրի տարածքում։ Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, այս առաջարկները գործնականում անպատասխան են մնացել, և նման պայմաններում Ռուսաստանն «իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և հենց այդպես էլ կանի:
Ռուսաստանի Դաշնությունն ինքը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. 2000 թվականին, այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Պուտինի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դաշինքին Մոսկվայի հնարավոր անդամակցությանը, պատասխանել է «շատ զուսպ»։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ին պետք չէ «Ռուսաստանի նման մեծ, անկախ երկիր», և սա է «ռուսական ուղղությամբ ամերիկյան ավանդական քաղաքականության աղբյուրը», վստահ է ՌԴ ղեկավարը։
Ուկրաինայի քննադատությունը
Նախագահի ուղերձի հիմնական մասը նվիրված էր ժամանակակից Ուկրաինայի ստեղծման պատմությանը և Կիևի իշխանությունների քննադատությանը։ Պուտինը հիշեցրել է, որ ժամանակակից Ուկրաինան «ամբողջությամբ ստեղծվել է բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից», այդ թվում՝ պատմական ռուսական տարածքների հաշվին։ Այժմ Ուկրաինայում քանդում են Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանները, ով եղել է երկրի «հեղինակն ու ճարտարապետը», բայց այս քաղաքականությունը «չպետք է կանգ առնի կես ճանապարհին»:
«Մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական ապակոմունիզացիա Ուկրաինայի համար»,-հավելել է Պուտինը:
«Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը միշտ Ուկրաինայի հետ համագործակցել է «բաց, ազնվորեն և հարգելով նրա շահերը», սակայն Կիևում «գործընկերության փոխարեն սկսեց գերակշռել կախվածությունը, որը երբեմն դառնում էր բնավորություն Կիևի իշխանությունների համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Ըստ նրա, Ուկրաինայում «կայուն պետականություն» դեռ չի ձևավորվել, այն «բառացիորեն հագեցած է, կոռոզիայի» է ենթարկվել կոռուպցիայով, իսկ ներկայիս կառավարությունը «հետևողականորեն գործը տանում է դեպի երկրի ամբողջական ապասուվերենիզացիա»։
Պուտինը նաև հավելել է, որ համոզված է՝ Ուկրաինայի ռազմական ռազմավարությունը, ըստ էության, ներառում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում, և Կիևի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու վերջին սպառնալիքը «դատարկ քաջություն չէ», իսկ Մոսկվան չի կարող անտեսել այս սպառնալիքը։
Անվտանգության խորհրդի աջակցությունը
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Պուտինին խնդրել էին ճանաչել հանրապետությունների անկախությունը։ Դրանից հետո Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը, որի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նման որոշմանը։
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է Արևմուտքին վերջին հնարավորություն տալ՝ ստիպելու Կիևին կատարել պայմանավորվածությունները: Ընդ որում, ըստ Պատրուշևի, սա կարող է ամենակարճ ժամանակահատվածը լինել՝ երկու-երեք օր, որը կփորձի կանգնեցնել, կանխել արյունալի իրադարձությունները Դոնբասում, իսկ կողմերը երկխոսություն կունենան։ Պատրուշևի «վերջին հնարավորության» գաղափարը պաշտպանել են վարչապետ Միխայիլ Միշուստինը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ճանաչել հանրապետությունների անկախությունը «մինչև Ուկրաինայի զինված ուժերի օկուպացիան», այսինքն՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում։
Վերջին բանակցությունները՝ մինչ ճանաչումը
Երեկ առավոտյան հաղորդվել էր, որ Պուտինն ու Բայդենը մոտ ապագայում կարող են հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, ով կիրակի օրը երեկոյան երկու անգամ զրուցել է ՌԴ ղեկավարի հետ։ Բայդենն ու Պուտինը պետք է համատեղ գագաթնաժողով անցկացնեին, որի օրկարգը պարտարստվում էին կազմել Լավրովն ու Բլինքենը, սակայն հնարավո՞ր է, արդյոք, նոր պայմաններում ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողով, դեռևս հայտնի չէ։
Երկուշաբթի երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ պատմելով նրանց Դոնբասի հանրապետությունները ճանաչող փաստաթուղթ ստորագրելու պլանների մասին։ Նրա զրուցակիցները, ըստ Կրեմլի, հիասթափություն են հայտնել իրադարձությունների նման զարգացումից, սակայն նշել են շփումները շարունակելու իրենց պատրաստակամությունը։
Կարծիքներ