Բելգիան կրկին կոշտ կարանտին է սահմանել
Բելգիան կրկին կոշտ կարանտին է սահմանել. երկրում փակվում են խանութները, բացի մթերային խանութներից, դպրոցական արձակուրդները երկարաձգվում են մինչեւ նոյեմբերի կեսը, սահմանները դեռեւս բաց են, սակայն ուղեւորությունները խորհուրդ չեն տրվում, թույլատրվում է հյուրընկալել առավելագույնը մեկ մարդու: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոն Համավարակի դեմ պայքարի համակարգող հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գիտաշխատողների հետ երկարատեւ խորհրդակցություններից հետո հանձնաժողովը որոշել է խստացնել կարանտինը: Բոլոր երկրորդային խանութները փակվում են, բացառությամբ այն առեւտրի կետերի, որոնք ունեն առաքման ծառայություն, պետք է դադարեն աշխատել վարսավիրանոցները, դպրոցական արձակուրդները կերկարաձգվեն մինչեւ նոյեմբերի 16-ը, այսուհետ հեռավար աշխատանքը պարտադիր է հնարավորության դեպքում ամենուր,-հայտարարել է նա:-Փակ տարածքներում թույլատրվում է ընդունել մեկ ընտանիքում առավելագույնը մեկ հյուր, բաց տարածքում՝ մինչեւ չորս մարդ, իսկ հուղարկավորության արարողությունների ժամանակ թույլատրվում է առավելագույնը 15 մարդու ներկայությունը: Արտասահմանյան ուղեւորությունները խորհուրդ չեն տրվում»:
Կարծիքներ