Պատվաստման գործընթացը վարկաբեկելը հարցականի տակ է դնում մարդկանց կյանքը. մասնագետների դիտարկումները

Հայաստանում կորոնավիրուսային տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին:
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը նշեց, որ նոր դեպքերի, մահացության ցուցանիշների աճող թվերը, խոսում են այն մասին, որ գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում, ինչը մտահոգիչ է:
«Նախորդ տարի պատերազմի ժամանակ, երբ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին վիրավորների առկայության պարագայում, կորոնավիրուսով հիվանդների համար տեղ չկար բուժհաստատություններում, և շատ էին տնային պայմաններում բուժում ստացողները: Այսօր հիվանդանոցները, առանց վիրավորների, նույն գերծանրաբեռնվածությունն ունեն: Մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման, սա արդեն ահազանգ է»:- Ասաց Արման Բադալյանը: Մասնագետի խոսքով, դելտա շտամն ագրեսիվ ձևով տարածվում է ու բավական կայուն է այսօրվա թերապևտիկ միջամտությունների նկատմամբ: Ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա մահացության ցուցանիշի նկատելի աճ կգրանցվի:
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի նոր ալիքն ունի իր առանձնահատկությունները. մահերի մեծ թիվ, հիվանդացության երիտասարդացում, հիվանդության բարդ ելքով դեպքերի աճ:
«Եթե մինչև մայիս հղիների խումբը չէր համարվում ռիսկային, ապա դելտա շտամի առավել ագրեսիվ տարածվածության պայմաններում հղիությունը նույնպես դարձավ ռիսկային: Այսօր, ցավոք, ունենք հոսպիտալացված հղիների բավական մեծ թիվ: Հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակվելը բավական ռիսկային է վաղաժամ ծննդաբերության առումով, լինում է ներարգանդային վիճակում պտղի թոքաբորբ, որը նախկինում այդքան հաճախ չէր գրանցվում: Սա շարժառիթ է, որ հղիները մտածեն պատվաստման մասին»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:
Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց զատ, տևական ժամանակ քաղաքացիները հետևանքների դեմ են պայքարում: Հետկորոնավիրուսային շրջանում հաճախ հանդիպող խնդիրներն են ոտքերի թուլությունը, աղեստամոքսային խանգարումները, նյարդաբանական խնդիրները: Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այսօր խոսվում է, այսպես կոչված, երկարատև քովիդի («long covid») մասին, երբ ապաքինվելուց 3 ամիս անց պահպանվում են հին ախտանիշները և որոշ դեպքում ի հայտ են գալիս նորերը:
«Առավել հաճախ հանդիպող ախտանիշներից է հևոցը, որը բավական երկար պահպանվում է բուժառուների մոտ, մկանացավերը, հոդացավերը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ: Այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, արդեն հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով: Սա միայն շնչուղիների վարակ չէ, այն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:
Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, այն այս պահին միակ եղած կանխարգելիչ, հակազդող միջոցն է: Ըստ Արման Բադալյանի՝ անընդունելի է պատվաստումային գործընթացը շահարկելը:
«Նեղ մասնագիտական խրթին հարցերը հանրության հետ քննարկելը ճիշտ չէ, դա ունենում է բացասական հետևանք: Եթե պատվաստումային գործընթացը վարկաբեկվում է, ապա լուրջ խնդիրներ են առաջանում: Սա շատ նուրբ հարց է, երբեք չպետք է քաղաքականացվի, վրեժխնդրության չվերածվի, որովհետև մարդկանց կյանքն է հարցականի տակ»,- ասաց Արման Բադալյանը:
Մասնագետները նշեցին, որ այն երկրներում, որոնք ունեն կորոնավիրուսի դեմ բավական մեծ պատվաստումային ծածկույթ, ինչպես օրինակ, եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Իսրայելը, իհարկե, կան նոր դեպքեր, սակայն բավական թերծանրաբեռնված են հիվանդանոցները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է պատվաստման արդյունավետությունը:
Կարծիքներ