ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որ խոշորացման գործընթացը չշարունակվի. Տիգրանյան

ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որ խոշորացման գործընթացը չշարունակվի. Տիգրանյան

Ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստը հիմք չէ, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը չշարունակվի: 

Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որ խոշորացման պրոցեսը չշարունակվի, չընթանա, դրանով գործընթացը չի կասեցվում: Խոշորացումն ուղղակիորեն և անուղղակիորեն կապված է նաև տվյալ համայնքների ընտրական պրոցեսների հետ: Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնականոն հունով կգնան, մինչև ՍԴ-ն կկայացնի իր որոշումը»,- ասաց Տիգրանյանն ու նշեց՝ վստահ է, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի:

Նա հիշեցրեց՝ խոշորացման գործընթացը նոր չէ, որ ՀՀ-ում սկսվել է՝ նկատելով, որ այդ գործընթացի սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել: «Այդ նույն գործընթացները շարունակվում են, ուղղակի գործընթացները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունել է համայնքների խոշորացման մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում: Հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին կառավարությունը գրավոր կարգով ընդունել է ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշում: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում