Լրատվամիջոցները պետք է սահմանեն մեկնաբանությունների վարքականոններ. մեդիա-­փորձագետ

Լրատվամիջոցները պետք է սահմանեն մեկնաբանությունների վարքականոններ. մեդիա-­փորձագետ

Սոցիալական ցանցում ատելության, վիրավորական խոսքը շատ հաճախ լրատվամիջոցների կողմից արտատպվում է, ինչն անընդունելի է:

Այդ մասին «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց հանդիպում-քննարկմանն իր խոսքում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա­փորձագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Սամվել Մարտիրոսյանը:

«Հանրային դեմքերի կողմից ասված խոսքը, որը պարունակում է վիրավորանք, ոչ պատշաճ ձևակերպում, լրատվամիջոցները պետք է ամբողջությամբ չարտատպեն: Ամենևին պարտադիր չի վերարտադրել այնպես, ինչպես կա: Այնինչ մեզ մոտ այդ վերատադրությունը շատ է տարածված, բայց չէ՞ որ լրագրողը պետք է տարբերվի սոցիալական ցանցի օգտատիրոջից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիա-­փորձագետը նշեց, որ լուրջ խնդիր է հայհոյանքների տարափը, որի լուծումներից է լրատվամիջոցների կողմից հրապարակումների տակ եղած նման բովանդակությամբ մեկնաբանություններն անջատելը:

«Հաջորդ տարբերակն այն է, որ անհրաժեշտ է փորձել համակագել այդ աշխատանքը: Լրատվամիջոցը պետք է սահմանի և հրապարակի մեկնաբանությունների վարքականոններ, որպեսզի օգտատերն իմանա, թե ինչու են արգելափակվում իր մեկնաբանությունները: Եվ ի վերջո, լրատվամիջոցը պետք է իր համայնքի հետ շփվի, աշխատի: Հայաստանում դա գրեթե գոյություն չունեցող երևույթ է: Այնինչ տարածված մոտեցում է, երբ լրատվամիջոցները պատասխանում են, արձագանքում են օգտատերերին և ձևավորում են առողջ մթնոլորտ: Ճիշտ լուծումը համայնքի հետ շփման մեջ մտնելն է: Այո, դա ժամանակ է խլում, ծախսատար է, սակայն լուծման տարբերակ է՝ ձևավորել առողջ ընթերցողների համայնք: Ի դեպ, այդ մարդիկ էլ օգնում են հայհոյողներին դուրս մղել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիա-­փորձագետը նշեց, որ այս  վիճակը գնալով վատնալու է: Ի վերջո, ինտերնետը տվել է արտահայտվելու հնարավորություն բոլորին: Այնպես որ, մասնագետի խոսքով, կարելի է ստեղծել միջավայր, որտեղ այդ ատելությունը, ոչ պատշաճ խոսքը չի լինի կամ քիչ կլինի: Այստեղ լրատվամիջոցները, խմբագիրները մեծ անելիք ունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում