Երեւանի բազմաբնկարան շենքերի աղբատարների միայն 7 տոկոսն է, որ դեռ չի փակվել. քաղաքապետարան

Երեւանի բազմաբնկարան շենքերի աղբատարների միայն 7 տոկոսն է, որ դեռ չի փակվել. քաղաքապետարան

Երևանի բնակելի շենքերում դեռևս բաց է մնում 255 աղբատար կամ ընդհանուր թվի 7 տոկոսը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

«255 բաց աղբատարներից 226-ը բաժին է ընկնում Երևանի երկու վարչական շրջաններին՝ Կենտրոն և Արաբկիր»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ Երևանում աղբատարերի ընդհանուր թիվը 3691 է, որից փակ է 3436-ը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին կոչ է արել առավել ակտիվորեն աշխատել աղբատարերը փակելու ուղղությամբ:

Քաղաքապետարանում կարծում են, որ բոլոր աղբատարները պետք է փակել, քանի որ դրանց գործունեությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման, գարշահոտության տարածման համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանվում են։ Փակելուց առաջ աղբատարները մաքրվում են և մշակվում հատուկ նյութերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում