Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր․ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը
Եկեք արձանագրենք, որ անցնող տարին մեր երկրի և մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր։ Այս մասին նշվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին մոտեցավ 2025 թվականը։ Մենք սովոր ենք ամեն տարի ի մի բերելով գնահատական տալ անցած տարվան, և շատ բարդ է որևէ անցնող տարվա մեջ չգտնել դժվար կամ բացասական բան։ Բայց այս անգամ ուզում եմ կենտրոնանանք այն լավ բաների վրա, որոնք բերեց 2025 թվականը։
Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը, թերևս, վերջին տարիների լավագույն տարին էր։
Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների և գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսեցինք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի և մեր ժողովրդի համար։
Այս ամենի անկյունաքարերից մեկը, բնական է, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պատմական համաձայնագիրն է, որը խաղաղության առաջին արձանագրումն էր։
Մյուս անկյունաքարը Տավուշի մարզի սահմանազատված սահմանն է։ Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր։ Սա է խաղաղության լավագույն արտահայտումը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ազատ է ու իրավազոր, և չպետք է փողոց դուրս գա «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով։ Մեր քաղաքացիներն են այլևս Հայաստանի Հանրապետության իրական տերը և որոշողը։
Եվ վերջապես, մենք մեր սրտում և մտքում ամրագրեցինք իրական Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, ահա այս գեղեցիկ հայ կնոջը հիշեցնող Հայաստանի Հանրապետությունն է՝ նույն ինքը՝ Մայր Հայաստանը, մեր երկիրը՝ իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, իր կապուտակ Սևան ականջօղով, նուրբ և պինդ դիմագիծ ունեցող սահմանով, իր սիրուն ու ձիգ Սյունյաց պարանոցով, իր մեկը մյուսից գեղեցիկ մարզերով, նոր շունչ առնող քաղաքներով, իր գեղեցկացող և նորացող գյուղերով, դպրոցներով, իր միշտ փայլող և հյուրընկալ Երևան մայրաքաղաքով, և, իհարկե, աշխատասեր ու անկոտրում, միշտ իմաստուն հայ ժողովրդով, ձեզնով, սիրելի՛ հայրենակիցներ։
Սա է այն իրական Հայաստանը, որը մենք տեսնելիս պետք է հայրենիք կոչենք։ Սա է այն պետությունը, որը մենք պետք է շարունակենք ուժեղացնել։ Սա է այն պետությունը, որը մենք ժառանգություն ենք ստացել, որը մենք պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Սա է մեր պետությունը, մեր տունը, մեր ապագան, որը մենք միասին պետք է պահենք, ուժեղացնենք ու հավերժ սիրով սիրենք։
Փա՛ռք մեր նահատակներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Գալդ թող բարի լինի, 2026 թվական։ Եվ Աստված պահապան մեր ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանին ու բոլորիս ընտանիքներին»։


Կարծիքներ