Ավարտվել են բանակային խաղերը

Ավարտվել են բանակային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։

Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեկշաբաթյա մրցումները ցույց են տվել, թե ինչպես են հաստատակամությունը, պայքարի վճռականությունը և հետևողականությունն արդյունք տալիս:

«Մասնակցությունը խաղերին արդեն իսկ կարևոր է, քանի որ նմանօրինակ խաղերի միջոցով մեր ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչները ստանում են հնարավորություն ևս մեկ անգամ փորձարկելու մասնագիտական կարևոր հմտությունները, զարգացնելու և բարելավելու դրանք, ինչպես նաև հանդիպելու, շփվելու միմյանց հետ, ձեռք բերելու նոր ընկերներ: Սա յուրաքանչյուրի համար նաև պայքարի, մրցման և անհատական որակների բարելավման առիթ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնակիցների աշխատանքն ու ջանքը գնահատելու՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

«Այս խաղերը նաև թիմային պայքարի և համագործակցության օրինակ են: Սա, առաջին հերթին, խոսում է ոգու, հաստատակամության և վճռականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Վստահ եմ՝ ձեր մասնակցությամբ և աշխատանքով օրինակ եք երիտասարդների համար»,- դիմելով մասնակիցներին` ասել է նախարարն ու փաստել՝ մրցակցող թիմերի քանակն ընդլայնվել է, որն ուրախալի է:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցած մասնակիցներին: Ուժային կառույցների միջև թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության 5-րդ թիմը, երկրորդ տեղը գրավել է ՊՆ 3-րդ, իսկ 3-րդ հորիզոնականը՝ ՀՀ պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։

Իրավապահ մարմինների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի թիմը, երկրորդ տեղը` ՀՀ արդարադատության նախարարության, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հավաքական թիմերը:

Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում կայացել է նաև կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի իգական և արական սեռի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում